Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Ռումինիայի մրցակցության խորհրդի նախագահ Բոգդան Չիրիթոուին և մրցակցության հարցերով խորհրդատու Կոսմին Բելակուրենցոյին, որոնք Հայաստան են ժամանել Երևանում ընթացող ՏՀԶԿ Բուդապեշտի մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի սեմինարին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրերին՝ ՄՍՇՊՀ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների մրցակցային մարմինների միջև երկկողմ համագործակցությունը:
«Այսօր մենք հնարավորություն ունենք ոչ միայն շարունակել, այլև խորացնել մեր հետագա փոխգործակցությունը՝ այն ավելի գործնական հարթություն տեղափոխելով և կոնկրետ ուղղություններով զարգացնելով»,-նշել է Գեղամ Գևորգյանը՝ կարևորելով Ռումինիայի մրցակցային մարմնի փորձը, որը Եվրոպական միության շրջանակներում օրենսդրական համապատասխանեցման և ինստիտուցիոնալ զարգացման բարդ ուղի է անցել։
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են երկու գերատեսչությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերանայմանը, համատեղ աշխատանքային խմբի ստեղծմանը, փորձի փոխանակման ծրագրերին, աշխատաժողովների կազմակերպմանը, մասնավորապես թվային շուկաների կարգավորման հարցերի վերաբերյալ և այլ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի։


