Սպառողի օգնական հարթակի գործարկում, բարեփոխումներ ինտերնետ շահումով խաղերի, առցանց տաքսիների ոլորտում, ուսումնասիրություններ կառուցապատման և ստենտավորման շուկաներում
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները։
Վարույթ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ոլորտում
2025 թվականին հանձնաժողովը շուրջ 2 մլրդ դրամ տուգանք է նշանակել տնտեսավարողների նկատմամբ և ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1 մլրդ դրամից ավել գումար։ Գերիշխող դիրքի չարաշահման ոլորտում նախորդ տարվա վարույթներից ամենահնչեղը վերաբերում էր ՀԴՄ սպասարկման ծառայություններին, այժմ գործընթացը գտնվում է վարչական բողոքի քննության փուլում, և շուտով հանրությունը կտեղեկացվի վերջնական արդյունքների մասին։
Շուրջ 5,2 մլրդ դրամ գյուղմթերքի վճարումներ
Անդրադառնալով գյուղմթերքի ուշ վճարումներին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ օրենսդրական փոփոխություններից հետո, որի համաձայն մթերողները պարտավորում էին գյուղմթերքի դիմաց վճարումներն իրականացնել 30-օրյա ժամկետում, շուրջ 5,2 մլրդ դրամ գումար է վճարվել գյուղացիական տնտեսություններին։ Այժմ ուշ վճարումների քանակը էականորեն նվազել է, ինչը փաստում է, որ օրենքի կիրարկումն ապահովված է։
Հստակ կանոններ ինտերնետ շահումով խաղերի համար, դրական նորություններ Yandex Go հավելվածից օգտվող քաղաքացիների և վարորդների համար
Հստակ կանոններ են սահմանվել ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրությունների համար։ Այժմ սպառողին, որը գրանցված չէ նման կայքերում, կամ չի հանդիսանում ակտիվ մասնակից, չեն կարող, օրինակ, գովազդային SMS հաղորդագրություններ ուղարկվել։ Իսկ ինտերնետ շահումով խաղերի կայքերի օգտատերերը պետք է պարտադիր համաձայնություն տան նման հաղորդագրությունների ստացման, դրանց եղանակների մասին, ինչպես նաև հնարավորություն ունենան ցանկացած պահի հրաժարվելու դրանցից։
Yandex Go հավելվածում քաղաքացիներն արդեն կարող են հստակ տեսնել, թե ինչպես է գոյանում իրենց ուղևորության գինը։ Լավ նորություն կա նաև տաքսու վարորդների համար։
- Yandex Go-ն նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը: Ըստ այդմ՝ ուղևորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ ծառայության վարձատրություն չի կիրառվում։
- Ստարտ սակագնային պլանի համար իջեցվել է Յանդեքսի միջնորդավճարը, իսկ մյուս սակագների դեպքում համամասնորեն ավելացվել։
- Եթե Յանդեքս պլյուս ծառայության հետվճարները նախկինում վճարվում էին վարորդների կողմից, ապա այժմ դրանք ամբողջությամբ կվճարի ընկերությունը։
Առաջարկներ՝ կառուցապատման և ստենտավորման ծառայությունների շուկաների համար
Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել սպառողներից հաճախ բողոքներ ստացվող կառուցապատման շուկայում, որի արդյունքում արդեն իսկ օրենսդրական բարեփոխումներ են մշակվում։ Ըստ այդմ՝
- օֆերտայի փուլում սպառողին ներկայացվող պայմանները և պայմանագրում ներկայացվածը բովանդկային առումով պետք է նույնը լինեն։ Այսինքն՝ եթե գովազդում ներկայացվում է, որ շենքը պետք է ուենա այս կամ այն ենթակառուցվածքները, դրանց առկայությունը պետք է նշվի նաև սպառողի հետ կնքվող պայմանագրում։
- oֆերտայի փուլում սպառողին պետք է ներկայացվի հստակ տեղեկատվություն շրջակա միջավայրի ենթակառուցվածքների հետ կապված։ Շենքի սպասարկման ծառայությունը 3 տարի ժամկետով պետք է իրականացվի կառուցապատողի կամ նրա կողմից ընտրված կամակերպության կողմից նախապես հրապարակված գնով։
- Եթե շենքը չի հանձնվում նախատեսված ժամկետներում, պետք է գործի սպառողին տուգանքների վճարման հստակ մեխանիզմ, որի համար պետք է լինեն հստակ երաշխիքներ։
Ստենտավորման ծառայությունների հետ կապված Հանձնաժողովն արձանագրել է, որ ավտարիզացիոն նամակի կիրառումը որոշակի սահմանափակումներ է մտցրել շուկայում և բացասական ազդեցություն է ունեցել գնի վրա։
Վերանայման անհրաժեշտություն կա անմիջապես կորոնարոգրաֆիայի պրոցեսի ընթացքում ստենտավորման միջամտության իրականացման գների հաշվարկման մեթոդաբանությունում, որի արդյունքում կբացառվի սպառողի կողմից միևնույն ծառայության դիմաց կրկնակի վճարումը։
Սպառողի օգնական հարթակով ստացված բողոքների մեծ մասը կարգավորվել է` առանց Հանձնաժողովի միջամտության
www.competition.am կայքում գործարկվել է Սպառողի օգնական հարթակը։ Առաջին անգամ սպառողները հնարավորություն ունեն իրենց անհատական բողոքները հանձնաժողովի միջոցով ներկայացնել տնտեսավարողներին, որոնք ունեն 14 օր ժամկետ խնդիրը կարգավորելու համար։ Եթե այդ ժամկետում խնդիրը չի կարգավորվում, այն վերահասցեագրվում է հանձնաժողովի հետ համագործակցող հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպություններին, կոլեկտիվ կամ հանրային շահի առկայության դեպքերում՝ հանձնաժողովն է վարչարարություն իրականացնում։ 2025 թվականին ստացվել են 100-ից ավելի բողոքներ, որի շուրջ 80 տոկոսը կարգավորվել է տնտեսավարողների կողմից՝ առանց Հանձնաժողովի միջամտության։


