Այս անգամ Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով էին այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ։
Հանդիպման սկզբում ուսանողները ծանոթացան Հանձնաժողովի գործունեությանը՝ պարզելով, թե ինչպես է ձևավորվում և իրականացվում մրցակցային քաղաքականությունը Հայաստանում, ինչպես են բացահայտվում խախտումները և ինչ մեխանիզմներով է ապահովվում սպառողների շահերի պաշտպանությունը։
Հանձնաժողովի մասնագետները կիսվեցին իրենց աշխատանքային փորձով՝ ներկայացնելով իրական օրինակներ, որտեղ հաջողվել է գտնել հավասարակշռություն բիզնեսի և սպառողների շահերի միջև։
Անցկացվեցին նաև իրավիճակային խաղեր, որոնց ընթացքում ուսանողները ոչ միայն ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, այլև ներկայացրին իրենց պատկերացումներն ու գաղափարները սպառողների իրավունքների պաշտպանության մասին։ Քննարկման ընթացքում ձևավորվեց բաց և հետաքրքիր երկխոսություն՝ ուղղված առօրյայում հաճախ հանդիպող խնդիրների ճանաչմանը և դրանց լուծման ուղիներին։
Այցի ավարտին ուսանողները ընդգծեցին, որ հանդիպումն արժեքավոր փորձ էր, որը հնարավորություն տվեց խորացնել գիտելիքները ոլորտի վերաբերյալ և գնահատել արդար մրցակցության ու ազնիվ գործելակերպի դերը երկրի տնտեսական և հասարակական զարգացման մեջ։
Հանձնաժողովը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ նպաստելով տեսական գիտելիքների և գործնական փորձի միավորմանը, ինչպես նաև նոր սերնդի՝ իրազեկ և պատասխանատու քաղաքացիների ձևավորմանը։


