Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 59-րդ նիստին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով։ Նա մասնավորապես ընդգծել է, որ ընթացիկ ժամանակահատվածում առանցքային փոփոխություններ են տեղի ունեցել․ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենսդրական փաթեթ՝ ուղղված ինչպես տնտեսական մրցակցության, այնպես էլ սպառողների շահերի պաշտպանության ամրապնդմանը:
Հանձնաժողովը վերանվանվել է և վերջինիս վերապահվել է կենտրոնական և կոնտակտային մարմնի դեր սպառողների հավաքական շահերի պաշտպանության գործում։
Անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայից ուշագրավ օրինակների՝ գերիշխող դիրքի չարաշահման, գյուղմթերքի ուշ վճարումների առնչությամբ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ դրսևորումներով:
Խորհրդի նիստին նախորդել են Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի և ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով նիստերը, որոնց ընթացքում քննարկվել են անդրսահմանային շուկաներին առնչվող մի շարք օրակարգային հարցեր։


