Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Շարունակվում են Հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումները ուսանողների հետ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները Հայ-ռուսական սլավոնական համալսարանում հանդիպում են ունեցել ուսանողների հետ։
Սպառողների շահերի պաշտպանության վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը և իրավախախտումների վերահսկման բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով արդար և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը և դրանց ապահովման գործնական մեխանիզմներին։

Պրակտիկ օրինակների միջոցով ուսանողներին ներկայացվել են սպառողների իրավունքների խախտման առավել տարածված դեպքերը, դրանց կանխարգելման ու բացահայտմանն ուղղված գործիքները, ինչպես նաև նման իրավիճակներում սպառողների կողմից ձեռնարկվելիք քայլերը։

Արեգ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հանձնաժողովի կայքում ներդրված «Սպառողի օգնական» թվային հարթակը՝ ընդգծելով դրա դերը բողոքների արդյունավետ և արագ քննության կազմակերպման գործում։ Հարթակը հնարավորություն է տալիս ապահովել սպառողների և տնտեսավարողների անմիջական հաղորդակցությունը, որի արդյունքում բազմաթիվ խնդիրներ լուծվում են համագործակցային ձևաչափով՝ դեռևս մինչև վարչական վարույթ իրականացնելն ու պատասխանատվության միջոցներ կիրառելը՝ նպաստելով արագ, արդյունավետ և փոխշահավետ լուծումների կայացմանը։

Հանդիպումն իրականացվել է համալսարանի կառավարման և բիզնեսի, ինչպես նաև տնտեսագիտական տեսության և անցումային տնտեսության խնդիրների ամբիոնների նախաձեռնությամբ։ Ուսանողները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ծանոթանալու սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված նորարարական մոտեցումներին։