Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աննա Պետրոսյանը մասնակցել է Սանտո Դոմինգո քաղաքում տեղի ունեցած Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին։
Համաժողովի շրջանակներում Աննա Պետրոսյանը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Իտալիայի մրցակցային մարմնի հետ իրականացված մենթորության ծրագրի արդյունքները, օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած հանձնաժողովի՝ սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի գործառույթները, ստեղծված նոր մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Նա մասնավորապես ընդգծել է, որ մենթորության ծրագիրը հատկապես առանցքային էր օրենսդրական փոփոխությունների այս շրջանում, որոնց արդյունքում ոչ միայն զգալիորեն ընդլայնվել են հանձնաժողովի կողմից սպառողների շահերի պաշպանությանն ուղղված գործառույթներն ու շրջանակը, այլև հանձնաժողովն է վերանվավել և վերափոխվել, ինչը ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ։ Աննա Պետրոսյանը հատկապես ընդգծել է թվային շուկաների կարգավորման, օրենսդրության կիրարկման և քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման ուղղություններով իտալացի գործընկերների հետ փորձի և գիտելիքների փոխանակման կարևորությունը։

