Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվել էին Կիրառական գիտությունների միջազգային ինստիտուտի ուսանողները ուսումնաճանաչողական այցի շրջանակում։
Այցի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Հանձնաժողովի իրավասությունները, գործիքակազմը և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների նշանակությունը։
Որպես այցի գործնական բաղադրիչ՝ ուսանողները մասնակցեցին իրավիճակային խաղի, որի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները պայմանագրային հարաբերություններում սպառողի իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։
Հանձնաժողովը կարևորում է երիտասարդների իրազեկվածության բարձրացումը և նմանատիպ ծրագրերի իրականացման միջոցով նպատակ ունի ձևավորել իրավագիտակցված և պատասխանատու սպառողներ, ինչը խթանում է արդար մրցակցային միջավայրի կայացմանը։