Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի «Արդի մրցակցության քաղաքականություն. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով պանելային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի նախարարը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի Մրցակցության և սպառողների իրավունքների քաղաքականության բաժնի ղեկավարը և միջազգային կառույցների այլ ներկայացուիչներ:
Քննարկմանն առցանց ձևաչափով մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը։ Նա ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության նոր համակարգի ներդրմանն ուղղված բարեփոխումները՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից և գտնվում է երկրորդ ընթերցման փուլում։
«Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հանդիսանում է սպառողների իրավունքների պաշտպանության նոր համակարգի ձևավորման անկյունաքար։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի իրավասությունը», – ընդգծել է Շուշան Սարգսյանը։
Ներկայացվել է նաև «Սպառողի Օգնականը»՝ ՄՊՀ-ի կողմից մշակված թվային գործիքը, որը թույլ է տալիս սպառողներին առցանց ձևով ներկայացնել բողոք՝ կապված ապրանքի կամ ծառայության խնդիրների հետ:
Քննարկման ավարտին ընդգծվել է մրցակցային մարմինների միջազգային ու միջպետական մակարդակներում համագործակցության և արդի մարտահրավերներին ընդառաջ մրցակցության միասնական սկզբունքների ձևավորման կարևորությունը։


