Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, քանզի մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է, որի առկայությունը կամ բացակայությունն անմիջական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրիս առօրյա կյանքի վրա:

Որքան ուժեղ է շուկայում մրցակցությունը, այնքան ավելի շատ խթաններ են ստեղծվում բիզնեսի համար աճելու և զարգանալու, դառնալու ավելի նորարար ու մրցունակ:

Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ՝ ձեռք բերելու ապրանքներն ու ծառայությունները՝ հնարավոր լավագույն որակով և նվազ գնով: Այս դինամիկան իր հերթին խթանում է տնտեսական աճն ու զարգացումը՝ ստեղծելով հավելյալ եկամուտներ և ավելացնելով հանրության բարօրությունը:

Այս տարի Մրցակցության համաշխարհային օրվա թեման է «Մրցակցության քաղաքականությունը և անհավասարությունը»: Անհավասարությունների խնդիրն առանցքային է աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների համար, իսկ մրցակցությունը դրա լուծման բանալիներից մեկն է, որը գտնվում է մրցակցային մարմինների ձեռքում: Այդ բանալին նրանք օգտագործում են տնտեսական անհավասարությունները մեղմելու, շղթայի թույլ օղակում գտնվողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝ հավասարակշռելով և վերականգնելով շուկայում խաղի արդար կանոնները:

Այս հարցերը օրակարգային են նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար: Հատկանշական է, որ 2024 թվականին կարևոր օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին՝ կարգավորելու առևտրային ցանցերի և գյուղատնտեսական արտադրանք մթերողների կողմից ուշ վճարումների հարցերը, որոնց արդյունքները շատ արագ իրենց զգացնել տվեցին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք:

#Միասին_պաշտպանենք_մրցակցությունը