Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ինչպե՞ս լավագույնս պաշտպանել մրցակցության շահերը. ՄՊՀ-ն իտալական «Լեար» ընկերության հետ համատեղ աշխատաժողով էր կազմակերպել

Բացի իրավախախտ տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուց, ի՞նչ գործիքներ կարող է կիրառել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մրցակցության շահերը լավագույնս պաշտպանելու համար: Իտալական «Լեար» ընկերության հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովում այսօր քննարվել է մրցակցության շահերի պաշտպանության ռազմավարությունը: Այն մշակել են «Լեար»-ի փորձագետները ՎԶԵԲ աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

Փաստաթղթում ներկայացված են այն ուղենիշները, որոնց օգնությամբ հանձնաժողովը կարող է կանխարգելել մրցակցային իրավախախտումները «փափուկ ուժի» գործիքների կիրառմամբ և բարելավել մրցակցային իրավիճակը: Դրանք են՝ օրենսդրական բարեփոխումները, շուկայի ուսումնասիրությունները, խորհրդատվական ուղեցույցները, իրազեկման միջոցառումները և այլն:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՄՊՀ անդամներ Տիգրան Մարկոսյանը և Անուշ Բեղլոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը, ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Ումիջոն Աբդուլաևը, վարչական և վերաքննիչ դատարանների դատավորներ, բիզնեսի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն իր խոսքում կարևորել է շահերի պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրականացումը, հիմնական շահառուների հետ պրոակտիվ և մշտական երկխոսությունը մրցակցային մշակույթի ամրապնդման գործում, ինչն առողջ տնտեսություն ունենալու և հանրային բարօրություն ապահովելու լավագույն գրավականներից է:

Բացի ռազմավարությունից, ծրագրի շրջանակում արդեն մշակվել են նաև 3 ուղեցույցներ՝ ապրանքային շուկայի հատկորոշման, չհիմնավորված բարձր և ցածր գների, պատասխանատվության միջոցի և տուգանքների վերաբերյալ: Ուսումնասիրություններ են իրականացվել դեղամիջոցների, բեռնափոխադրումների ոլորտներում, ընթացքում է էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայությունների շուկայի ուսումնասիրությունը: