Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Քննարկում տնտեսավարողների հետ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում, որին մասնակցել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը մրցակցային իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ հանձնաժողովի առաջնահերթ նպատակը հենց կանխարգելումն է և ոչ պատասխանատվության միջոցի կիրառումը:

2022 հուլիսի 31-ից ուժի մեջ մտան հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ամբողջությամբ կարգավորվեցին զեղչերի և այլ ակցիաների հետ կապված հարաբերությունները, ինչից հետո Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ շատ տնտեսավարողների մոտ արձանագրվում է վարքագծի էական բարելավում, փոխվել է մոտեցումը՝ եթե նախկինում անհավանական 70, 80 տոկոս զեղչեր էին հայտարարվում, այժմ դրանք շատ դեպքերում առավել իրատեսական են, փորձում են խստորեն պահպանել ակցիաների իրազեկմանը ներկայացվող պահանջները: Այնուամենայնիվ, դեռևս շարունակվում են դիտարկվել որոշակի խնդիրներ, արդեն իսկ կան հարուցված վարույթներ, կիրառված պատասխանատվության միջոցներ, իրականացվում են ստուգումներ` որոշ տնտեսավարողների նկատմամբ վարույթներ հարուցելու առնչությամբ: Մշտադիտարկումներ տեղի են ունեցել նաև «սև ուրբաթի» շրջանակում, որոնց արդյունքներով առաջիկայում նույնպես վարույթներ կհարուցվեն:

Հանդիպման ընթացքում ՄՊՀ պատասխանատուները ևս մեկ անգամ կներկայացրին զեղչերին և այլ ակցիաներին վերաբերող օրենքի կարգավորումները, առանձին դրույթների առնչությամբ արդեն իսկ ձևավորված մեկնաբանությունները և պատասխանեցին տնտեսավարողներին մտահոգող հարցերին: