Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Աշխատաժողով՝ ՄՊՀ-ի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում Երևանում դեկտեմբերի 14-15-ը անցկացվել է «Հակամրցակցային համաձայնությունները և համակենտրոնացումները Հայաստանում» թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովին մասնակցել են ՄՊՀ անդամները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ առևտրի, արդարադատության, հակամրցակցային համաձայնությունների դեպարտամենտների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ծրագրի պատասխանատուներին՝ ներդրված ջանքերի համար և ընդգծել, որ հակամրցակցային համաձայնությունների ու համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողությունը և միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրության կատարելագործումը տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի առանցքային հիմնախնդիրներից են, որոնք Հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական/տնտեսական բաժնի ղեկավար Էլիսոն Հենան հույս է հայտնել, որ աշխատաժողովի ընթացքում մասնակիցները պրակտիկ գործիքների կտիրապետեն՝ կատարելագործելով հակամրցակցային համաձայնությունները և համակենտրոնացումներն առավել արդյունավետ կարգավորելուն ուղղված իրենց կարողությունները:

ՄՊՀ ներկայացուցիչներն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են  Հայաստանում հակամրցակցային համաձայնությունների և համակենտրոնացումների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին և դրանց կիրարկմանն առնչվող հիմնահարցերը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պատասխանատուները՝ ԱՄՆ հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ գործերում ընթացակարգային և կիրակման հարցերը, համակենտրոնացումների վերաբերյալ օրենսդրությունը և իրավակիրառ փորձը, քննարկվել են առանձին ուշագրավ վարույթներ և հետագա համագործակցության ուղղությունները: