Սիրելի հայրենակիցներ,
2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ը աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես Մրցակցության օր:
Շնորհավորում եմ մրցակցության ոլորտի աշխատողներին, տնտեսավարողներին և սպառողներին՝ տոնացույցի այս հիշարժան օրվա առթիվ, ինչը մեզ համար ևս մեկ առիթ է կարևորելու մրցակցային մարմինների կողմից կատարվող ամենօրյա աշխատանքը և մեր բոլորի ուշադրությունը սևեռելու մրցակցության ոլորտի խնդիրների վրա:
Ազատ տնտեսական մրցակցությունը տնտեսության «առողջ» լինելու հիմնական ցուցիչներից է: Մրցակցությունը խթանում է բիզնեսը և բարելավում սպառողների կյանքը՝ նպաստելով տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: Տնտեսավարողների համար արդար և բարեխիղճ մրցակցությունն ապահովում է կայուն և կանխատեսելի բիզնես միջավայր, խթանում նրանց գործունեությունը՝ ստիպելով անընդհատ առաջ շարժվել, լինել նորարար, դինամիկ զարգացող և առավել դիմակայուն՝ արտաքին բացասական ազդեցությունների նկատմամբ, սպառողների համար՝ ապահովում որակյալ ապրանքների և ծառայությունների լայն ընտրություն՝ մրցակցային գներով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, բարեկեցություն և ամենայն բարիք:
#Միասին պաշտպանենք մրցակցությունը