Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Էկո, էկոս մակնշմամբ հավկիթի վաճառքը շարունակվում է. 3 ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել

Առևտրային ցանցերում էկո՝ օրգանիկ մակնշմամբ հավկիթների վաճառքի արատավոր երևութը շարունակվում է: Դեռևս ապրիլին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության էր ենթարկել «Արաքս», «Արզնի» և Պրոյեկտ ինտեր ինվեստ ընկերության «Շիրակ ձու» թռչնաֆաբրիկաներին:

Տիգրան Մարկոսյան (ՄՊՀ հանձնաժողովի անդամ) – Մեկի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, որովհետև խմբաքանակը բավականին ցածր է, չէր անցնում մեր մեթոդաբանությամբ տուգանքի սահմանի անհրաժեշտ պայմանը:

Ընկերություններին պարտադրվել էր սահմանված ժամկետում վաճառքից հետ կանչել էկո, էկոս մակնշմամբ հավկիթները կամ ներկայացնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու մասին վկայող հավաստագիր: Թե առաջին, թե երկրորդ պահանջները չեն կատարվել, ասում է Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Սահմանված ժամկետը լրանալուց հետո` մայիսի 29-ին, հանձնաժողովը ևս մեկ անգամ դիտարկել է հավկիթի շուկան: Պարզվել է՝ սպառողին մոլորեցնող մակնշմամբ հավկիթները դեռ վաճառքում են:

Տիգրան Մարկոսյան – Առևտրային ցանցերում հայտնաբերվեցին երեք տնտեսվարող սուբյեկտների հավկիթները` մակնշված էկո, էկոս, նման այլ ձևակերպումներով: Ընդամենը երեկ հանձնաժողովը վարույթ է հարուցել երեք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ էլ:

Կտուգանենք այնքան, որքան կշարունակեն, ասում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչն ու հավելում՝ հավկիթի շուկայում բազմաթիվ ուսումնասիրություններ են արել, և չի եղել մի ընկերություն, որը կներկայացներ օրգանական գյուղատնտեսության պահանջներով արտադրված հավկիթի հավաստագիր: