«Պետություն և իրավունք» հանդեսի 2021 թվականի թիվ 3 (91) համարում հրապարակվել է «Ապրանքային նշանների օգտագործմամբ շփոթության առաջացումը մրցակցային իրավունքում» վերտառությամբ գիտական հոդվածը, որում անդրադարձ են կատարվել մրցակցային իրավունքում ապրանքային նշանների օգտագործմամբ շփոթության առաջացմանն առնչվող մի շարք կարևոր հարցադրումների:
Հոդվածը համահեղինակել են ՄՊՀ անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատոր, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Քրիստինե Ալեքսանյանը:
Հետազոտության արդյունքում կատարված հիմնական եզրահանգումներն են`
- Աղբյուրի կամ ծագման գործառույթը ապրանքային նշանների հիմնական և ելակետային գործառույթն է, իսկ մյուս գործառույթները այս կամ այն կերպ բխում են ծագման գործառույթից և կլանվում դրա բովանդակության մեջ։ Ընդ որում, այն կանխորոշում է ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և ծավալը։
- Ապրանքային նշանների օգտագործմամբ շփոթության առաջացումը անբարեխիղճ մրցակցություն որակելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1) այլ տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճանի նման նշանը օգտագործվել է Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող կամ այլ կերպ շրջանառության մեջ դրված ապրանքների, դրանց փաթեթավորումների կամ պիտակների վրա կամ ապրանքին առնչվող այլ տեղեկատվության մեջ կամ ինտերնետային դոմենի անվանումներում կամ գովազդում.
2) այլ տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճանի նման նշանի օգտագործումը հանգեցրել է այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ շփոթության առաջացման կամ շփոթության վտանգին.
3) խախտվել են հանրային շահերը, այսինքն՝ սպառողների շահերի և մրցակցային իրավիճակի վրա ունեցել է բացասական ազդեցություն։
- Եթե քաղաքացիական օրենսդրության տեսանկյունից իրավական պահպանություն տրամադրվում է միայն գրանցված, այդ թվում՝ միջազգային ընթացակարգով գրանցված և հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների դեպքում, ապա մրցակցային իրավունքի համատեքստում շփոթության առաջացման հարցի քննարկման շրջանակում իրավական պահպանություն տրվում է նաև չգրանցված, սակայն Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ օգտագործվող, ինչպես նաև հանրահայտություն ունեցող ապրանքային նշաններին։
- Այլ տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանի օգտագործումը շփոթության առաջացմամբ անբարեխիղճ մրցակցության առկայության հարցում նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ ուղղված է ապրանքների աղբյուրը նշելուն։
- «Շփոթության վտանգ» հասկացությունը ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն նախընտրած ապրանքի առնչությամբ, այլև ապրանքի ծագման կամ արտադրողի վերաբերյալ շփոթվելու հավանականությունը։
- Ապրանքային նշանների օգտագործումն անբարեխիղճ մրցակցություն կարող է որակվել ինչպես մրցակցող, այնպես էլ տարաբնույթ ապրանքների նկատմամբ օգտագործվելու դեպքում։
- Ապրանքային նշանների օգտագործմամբ շփոթության առաջացման հատկանիշների առկայությունը վարչական վարույթի ընթացքում որոշելու հարցում փորձագետի եզրակացությունը և սպառողական ուսումնասիրությունները անհրաժեշտ պայման չեն, իսկ առկայության դեպքում չեն կանխորոշում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գնահատականը։
- Ապրանքային նշանների նույնականության կամ շփոթելու աստիճան նմանության գնահատականը, որպես կանոն, կանխորոշում է շփոթության առաջացումը կամ դրա առաջացման հնարավորությունը և հանդես է գալիս որպես դրա տրամաբանական հետևանք։ Ընդ որում, դա կարող է հերքվել՝ հաշվի առնելով ապրանքի արտաքին տեսքը, մատուցման եղանակը, ոճը և այլ հանգամանքներ։
- Ապրանքային նշանների օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցության արգելումը ուղղված է ոչ թե ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների պաշտպանությանը, այլ հանրային շահերի պաշտպանությանը, իսկ ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների պաշտպանությունն ածանցվում է դրանից և հանդես է գալիս որպես դրա հետևանք։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով