Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հրապարակվել է «Վարչական մարմինների հայեցողական լիազորությունների իրականացման նկատմամբ դատական վերահսկողության հիմնախնդիրները» հոդվածը

Հոդվածը համահեղինակել են ՄՊՀ անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ,ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատոր, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ՄՊՀ իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր իրավաբան Սաթիկ Ղիմոյանը:

Հետազոտության արդյունքում կատարված հիմնական եզրահանգումներն են`

  • Հայեցողական լիազորությունների իրականացման նկատմամբ դատական վերահսկողությունը սահմանափակված է միայն դրանց համար օրենքով ուրվագծված սահմաններին կամ օրենքով նախանշված նպատակին համապատասխանության գնահատմամբ։
  • Դատարանն է կրում հայեցողական լիազորությունները օրենքով ուրվագծված սահմանների կամ օրենքով նախանշված նպատակի անտեսմամբ իրականացված լինելու և դրանց վարչական ակտի, գործողության կամ անգործության նյութական իրավաչափության վրա ազդեցություն ունեցած լինելու հանգամանքները հիմնավորելու բեռը։
  • Հայեցողական լիազորության ոչ իրավաչափորեն իրականացված լինելու վերաբերյալ դատարանի եզրահանգման հիմքում կարող են դրվել միայն դրա համար օրենքով ուրվագծված սահմաններին կամ օրենքով նախանշված նպատակին առնչվող այն հանգամանքների գնահատականը, որոնց անտեսումը վարչական մարմնի կողմից հայցվորի համար ունեցել է անբարենպաստ նշանակություն։
  • Հայեցողական լիազորության ոչ իրավաչափորեն իրականացված լինելու վերաբերյալ դատարանի եզրահանգումը պետք է լինի ուղենիշային և չի կարող պարունակել վարչական մարմնի հայեցողական լիազորության իրականացման կոնկրետ եղանակը։
  • Հայեցողական լիազորության ոչ իրավաչափորեն իրականացված լինելու վերաբերյալ եզրահանգման դեպքում դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում՝ (1) սահմանել իրավասու վարչական մարմնի պարտականությունը՝ ընդունել վարչական ակտ կամ կատարել գործողություն կամ ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, (2) շարադրել դատարանի դիրքորոշումը, որին համապատասխան վարչական մարմինը պետք է իրականացնի վարչական ակտ ընդունելու, գործողություն կատարելու կամ դրանից ձեռնպահ մնալու պարտականությունը։ Ընդ որում, այս պահանջը հավասարապես կիրառելի է վերադաս դատական ատյանների դատական ակտերի նկատմամբ, որը ցանկալի է ամրապնդել օրենսդրական համարժեք կարգավորումներով։
  • Հայեցողական լիազորության ոչ իրավաչափորեն իրականացված լինելու վերաբերյալ եզրահանգում պարունակող դատական ակտի հիման վրա վարչական վարույթը վերսկսելու (վերաբացելու) հնարավորությունը համատեղելի է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքի (Ne bis in idem) հետ։
  • Հայեցողական լիազորության ոչ իրավաչափորեն իրականացված լինելու վերաբերյալ եզրահանգում պարունակող դատական ակտը հիմք է վարչարարությունը, այդ թվում՝ վարչական վարույթը վերսկսելու (վերաբացելու) համար, և այդ առումով հրատապ է օրենսդրական բարեփոխումների իրականացումը։

Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով: