Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԱԶՀ համաժողովին «Մրցակցության քաղաքականությունը և հետքովիդյան շրջանում ՄՓՄՁ-ների վերականգնումը» թեմայով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) հրավերով մասնակցել է «Մրցակցության քաղաքականությունը և հետքովիդյան շրջանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության վերականգնումը» թեմայով եռօրյա առցանց համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի, Գործարարության աջակցման կենտրոնի ներկայացուցիչներ:

Շուշան Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ՓՄՁ-ների ոլորտում մրցակցության օրենսդրության կիրարկմանն առնչվող հարցերի: Նա մասնավորապես նշել է, որ համավարակը նոր մարտահրավերներ է նետել բիզնեսին, հատկապես ՓՄՁ-ներին, քանի որ ի սկզբանե այս սուբյեկտները տնտեսապես անհավասար պայմաններում են գտնվում շուկայի առավել խոշոր խաղացողների համեմատությամբ: Նրա խոսքով՝ թեև այս ոլորտի համար հատուկ կարգավորումներ մրցակցության օրենդրությամբ նախատեսված չեն, սակայն դրանցից շատերը նպաստավոր են հենց բարեխիղճ ՓՄՁ-ների համար։ Առկա խնդիրների կարգավորման և մրցակցային միջավայրի բարելավման նպատակով 2021 թվականին օրենսդրական մի շարք նորամուծություններ են կատարվել, մասնավորապես՝ ներդրվել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտը: Բացի այդ, մշակվել են նաև խորհրդատվական ուղեցույցներ, մշտական աշխատանքներ են տարվում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Նշենք նաև, որ «Հետքովիդային շրջանում ՓՄՁ-ների վերականգնումը և մրցակցության քաղաքականությունը» ծրագրի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD/ՄԱԱԶՀ) միջև մեկնարկել է տեխնիկական աջակցության ծրագիր, որի հիմնական նպատակն է Հանձնաժողովի և միկրո, փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացումը, առկա հիմնախնդիրների բացահայտումն ու մրցակցության քաղաքականության ամրապնդման միջոցով ՄՓՄՁ-ների շուկա մուտք գործելու հավասար պայմանների ապահովմանն ուղղված առաջարկների ներկայացումը։