Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական հակամենաշնորհային 7-րդ համաժողովին:
Համաժողովի շրջանակում քննարկումներ են ծավալվել մրցակցության ոլորտի մի շարք արդիական խնդիրների շուրջ: Մասնավորապես համաժողովի մասնակիցները կարծիքներ են փոխանակել և զեկույցներ են ներկայացրել մրցակցության պաշտպանության ապահովման ժամանակակից միտումներին, ԵԱՏՄ-ում մրցակցային/հակամենաշնորհային իրավակիրառ պրակտիկային, մրցակցային օրենսդրության խախտումների կանխարգելման միջոցներին վերաբերող և այլ հարցերի շուրջ:
Շուշան Սարգսյանն իր զեկույցում խոսել է մրցակցության օրենսդրության խախտումների կանխարգելման գործում Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերի մասին: Նրա խոսքով՝ թեպետ պատմականորեն մրցակցային մարմիններն առավելապես ընկալվում են որպես վերահսկողական և պատժիչ գործառույթներ իրականացվող կառույցներ, այժմ ամբողջ աշխարհում կանխարգելումը և վերահսկողությունը փաստացի հավասար նժարների վրա են գտնվում՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու տնտեսական զարգացման միտումները:
Շուշան Սարգսյանն անդրադարձել է ՄՊՀ-ի հիմնական կանխարգելիչ լիազորություններին և գործիքակազմին, որոնք էապես ընդլայնվել են մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր խմբագրությամբ, մասնավորապես նշվել է եզրակացությունների, պաշտոնական պարզաբանումների տրամադրման, խորհրդատվական ուղեցույցների մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, ոլորտային ուսումնասիրությունների իրականացման և համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության մասին, ինչպես նաև ընդգծվել է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը որպես կանխարգելիչ լիազորությունների արդյունավետ իրականացման կարևոր նախադրյալ: