Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը Հանձնաժողովի 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Մեծարգո պարոն փոխվարչապետ, մեծարգո ԱԺ փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ, հյուրեր, լրագրողներ,

Ողջունում եմ Ձեզ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակին նվիրված համաժողովին: Ուրախ եմ, որ բոլորիս համար բարդ ժամանակաշրջանում այսօր այս դահլիճը բազմամարդ է, և մեր կողքին են գտնվում մեր հայաստանյան և միջազգային գործընկերները, որոնց հետ հանձնաժողովը երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցել: Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում ցուցաբերած օժանդակության և գործընկերային մթնոլորտում ծավալված համագործակցության համար, որի շնորհիվ բազմաթիվ կարևոր աշխատանքներ են իրականացվել: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մեր հարևան երկրի՝ Վրաստանի գործընկերները Ազգային մրցակցային գործակալության նախագահ պարոն Իրակլի Լեկվինաձեի ղեկավարությամբ: Այստեղ է գտնվում ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ /նախարար/ պարոն Արման Շակկալիևը, ում նախագահությամբ, ի դեպ, երեկ Երևանում անցկացրեցինք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների «5+1» ձևաչափով խորհրդակցությունը և բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք: Իհարկե, համավարակով պայմանավորված արտերկրի մեր շատ գործընկերներ ֆիզիկապես չկարողացան այստեղ գտվել, սակայն մենք նրանց ներկայությունը նույնպես կվայելենք. նրանք նույնպես մեր կողքին են և մեզ կմիանան տեսակապի միջոցով:

Հարգելի գործընկերներ,

20-ամյա հոբելյանն առաջին հերթին անցած ճանապարհին հետհայացք գցելու, ձեռքբերումներն ու բացթողումները վերաիմաստավորելու և դրանց հիման վրա ապագայի առավել հստակ և ճիշտ զարգացումը նախանշելու առիթ է: Այս համատեքստում պետք է արձանագրենք, որ 2001 թվականից մինչ օրս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կայացման կարևոր ուղի է անցել՝

• ընդլայնվել և հստակեցվել են Հանձնաժողովի իրավասություններն ու լիազորությունների շրջանակը,
• բարձրացել են մարմնի անկախության երաշխիքները, և ներկայումս Հանձնաժողովը անկախության բարձր աստիճան ունեցող ինքնավար մարմին է,
• բիզնեսի և հասարակության գիտակցության մեջ բարձրացել է Հանձնաժողովի դերն ու նշանակությունը:

Եթե տարիներ առաջ, երբ Հանձնաժողովը նոր էր կազմավորվում, տնտեսական մրցակցությունը պարզապես նոր, շատերին օտար հասկացություն էր, ապա այժմ մրցակցության կարևորությունը քչերը կասկածի տակ կդնեն: Առողջ, բարեխիղճ մրցակցությունը տնտեսության առաջընթացի, աճի որակի ապահովման հարցում այլընտրանք չունի և անպայմանորեն դրական փոփոխություններ է բերում բոլորիս կյանք: Մրցակցության կարևորությունն ավելի է ընդգծվում ժամանակակից աշխարհում, որտեղ մարտահրավերներն առավել անկախատեսելի և դժվար կառավարելի են: Վառ օրինակ էր Covid 19 համավարակը, որը բոլորիս համախմբեց միևնույն խնդիրների շուրջ:

Ամփոփելով՝ պետք է արձանագրեմ, որ գրանցված ձեռքբերումները քիչ չեն, սակայն սպասվող անելիքներն առավել շատ են և բոլորիցս կրկնակի ջանքեր ու աշխատանք են պահանջելու: Մեր քաղաքականությունն առաջիկա տարիներին հիմնված է լինելու 4 կարևոր հենասյուների վրա՝ օրենսդրության կարգավորում, թվայնացում, մարդային ռեսուրսների կառավարում և մրցակցության քարոզչություն:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հանձնաժողովի 20-ամյակի առթիվ: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն: