«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի 2021 թվականի 5-րդ համարում հրապարակվել է «Նորմատիվ իրավական ակտերի «հորիզոնական» աստիճանակարգության հիմնախնդիրները Հայաստանի սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությանն առնչվող մի շարք կարևոր հարցադրումների:
Հոդվածը համահեղինակել են ՄՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը:
Հետազոտության արդյունքում կատարված հիմնական եզրահանգումներն են՝
- Սահմանադրական կարգավորումների համատեքստում կոդիֆիկացված օրենքը՝ օրենսգիրքը, ունի նույն իրավաբանական ուժը, ինչ մյուս օրենքները, և չի կարող պարունակել այլ օրենքների նկատմամբ գերակայություն սահմանող դրույթներ։
- Հայրենական իրավական համակարգի գաղափարաիրավական տարրերի առանձնահատկությունների հաշվառմամբ լրացուցիչ քննարկման առարկա է նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունում օրենսգրքի տեղը սահմանադրական մակարդակում վերանայելու հարցը՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով օրենսգրքի՝ օրենքից բարձր իրավաբանական ուժն ապահովող համարժեք լուծումներ։
- Սահմանադրական մակարդակում ամրագրված է միայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին ստորադաս լինելու պահանջ։
- Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի միջև առկա է որոշակի աստիճանակարգություն, որը պայմանավորող հիմնական գործոնն այն ընդունող մարմնի տեղն ու դերն է հանրային իշխանության մարմինների շրջանակում։
- Սահմանադրական կարգավորումների շրջանակում հնարավոր չէ որոշել հանրային իշխանության մարմինների հիերարխիկ համակարգից դուրս գտնվող սահմանադրական մարմինների (ինքնավար մարմիններ, անկախ մարմիններ և այլն) ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի տեղը նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունում։ Ընդ որում, այս խնդրի լուծում կարող է լինել սահմանադրական մակարդակում այդպիսի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության նախատեսումը կամ նման հնարավորության պատվիրակումն օրենսդրին։
- Արդարացված է թվում նորմատիվ իրավական ակտերի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքին սահմանադրական օրենքի կարգավիճակի շնորհումը։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով` http://new.competition.am/wp-content/uploads/2022/03/Banber_5_2021_T_Markosyan_A_Santrosyan.pdf