Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հանձնաժողովի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացման կարգը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Ծովինար Պետրոսյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից ոլորտային ուսումնասիրությունների գործիքակազմը։


Ոլորտային ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 13-րդ գլխով, որը սահմանում է ոլորտային ուսումնասիրության նպատակը, այն իրականացնելու և ամփոփելու կարգը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նշված հարցերը կարգավորված չէին։

Ո՞րն է ոլորտային ուսումնասիրության նպատակը

Ոլորտային ուսումնասիրության հիմնական նպատակն է որևէ ոլորտում կամ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի բացահայտումը։

Ի՞նչ հիմքով է իրականացվում ոլորտային ուսումնասիրությունը

Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ընդունում է որոշում, որում սահմանվում է ուսումնասիրվող ոլորտ(ներ)ը և ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը։

Ի՞նչ գործողություններ է իրականացնում Հանձնաժողովը ուսումնասիրության շրջանակներում

Ոլորտային ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության՝

1) հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները,

2) որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները և ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը,

3) ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը,

4) պարզում է ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը,

5) ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ:

Ոլորտային ուսումնասիրության ամփոփման կարգը

Ոլորտային ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են Հանձնաժողովի որոշմամբ:

Ոլորտային ուսումնասիրության արդյունքներն ունեն չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ շատ դեպքերում հիմք են ոլորտում բացահայտված խնդիրների առնչությամբ վարույթների հարուցման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ ներկայացնելու համար։