Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն այսօր մասնակցել է «Մրցակցային քաղաքականության դերը պետության տնտեսական բարեկեցության բարձրացման գործում» թեմայով առցանց կլոր սեղանին՝ նվիրված Ղազախստանի հակամենաշնորհային ծառայության 30-ամյակին:
Շուշան Սարգսյանը շնորհավորել է ղազախ գործընկերներին հոբելյանի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ: Այնուհետև իր ելույթում անդրադարձ է կատարել ՀՀ-ում մրցակցային կարգավորմանն առնչվող հարցերին՝ մրցակցային մարմնի ստեղծման պատմությանը, տնտեսության զարգացման գործում ունեցած դերին և նշանակությանը, օրենսդրական կարգավորումներին՝ ընդգծելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնց շրջանակում ներդրվելու են մի շարք նորամուծություններ կանխատեսելի և արդյունավետ վարչարարության ապահովման նպատակով:
Շուշան Սարգսյանն անդրադարձել է նաև հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններին, կանխարգելիչ դերի ակտիվացման հարցին, թվային հարթակների, կորոնավիրուսային համավարակի առաջադրած նոր մարտահրավերներին՝ դրանց արդյունավետ հաղթահարման գործում կարևորելով մրցակցային/հակամենաշնորհային մարմինների միջև սերտ համագործակցությունը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Ղազախստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության նախագահ Սերիկ Ժումանգարինի անունից պարգևատրվել է գերատեսչական կրծքանշանով: