Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանն օրենսդրական բարեփոխումների համատեքստում անդրադարձել է Հանձնաժողովի կարգավիճակին և գործառույթներին:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով նախատեսված բարեփոխումների նախապատրաստման և իրականացման փուլում բախվեցինք այնպիսի իրավիճակի հետ, երբ նկատելի դարձավ, որ առկա է տարընկալում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2021 թվականի մայիսի 31-ից Մրցակցության պաշտպանության հանձնաժողով) կարգավիճակի առնչությամբ։ Այսպես, Օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումները ցույց տվեցին, որ Հանձնաժողովը հաճախ դիտարկվում է մյուս վարչական մարմինների հետ մեկ հարթությունում։
Հաշվի առնելով նշվածը՝ տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում անհրաժեշտություն ենք տեսնում պարզաբանելու նաև Հանձնաժողովի կարգավիճակը և գործառույթները։
Հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրություն ներմուծվեց «ինքնավար մարմին» գաղափարը, որի արդյունքում այդպիսի կարգավիճակ ստացավ նաև Հանձնաժողովը։
Խոսելով ինքնավար մարմինների մասին՝ նշենք, որ դրանք ստեղծվում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով։ Ընդ որում, ինքնավար մարմինների լիազորությունների, անկախության երաշխիքների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության կարգի հստակեցումը յուրաքանչյուր դեպքում կարգավորվում է օրենքով: Ինքնավարության իրավական բովանդակության և ինքնավար մարմինների առանձնահատկությունների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3n3imjY:
Այսպիսով, ներկայումս Հանձնաժողովն ինքնավար մարմին է: Այն կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ, որոնց նշանակում է Ազգային ժողովը, որպես կանոն, հինգ տարի ժամկետով։ Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ իր լիազորությունների սահմաններում համակարգելով կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կամ դրանց կողմից իրականացվող առանձին աշխատանքները։
Ուշագրավ է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Հանձնաժողովի կարգավիճակը դրվել է ամբողջապես նոր հիմքերի և նոր որակի վրա, ինչը դրսևորվում է նաև Հանձնաժողովի գործառույթների հստակեցմամբ։ Այսպես, նոր խմբագրությամբ օրենքով սահմանվում է, որ Հանձնաժողովն՝
1.ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը.
2.ապահովում է բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը.
3.իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը։
Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնում է օրենքով սահմանված լիազորությունների միջոցով, որոնց շրջանակը և բնույթն առավել մանրամասն կներկայացվեն հաջորդ հրապարակումներում։