Հրապարակվել է «Ինքնավարության իրավական բովանդակությունը և ինքնավար մարմինների առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել ինքնավար մարմիններին, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ին առնչվող մի շարք կարևոր հարցադրումների: Հոդվածը համահեղինակել են ՏՄՊՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ի.գ.թ., դոցենտ Անահիտ Մանասյանը:
Հետազոտության արդյունքում, ի թիվս այլնի, կատարված հիմնական եզրահանգումներն են՝
- Սահմանադրության 122-րդ հոդվածով ամրագրված ինքնավար մարմինները իրականացնում են գործադիր իշխանության մարմիններին բնորոշ գործառույթներ՝ կազմակերպական, քաղաքականության իրականացման, ինչպես նաև ենթաօրենսդրական մակարդակում քաղաքականության մշակման հարցերում ունենալով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն և հայեցողություն։
2․ Ինքնավար մարմիններն իրենց կարգավիճակի, ինքնավար բնույթի և անկախության երաշխիքների ուժով հիերարխիկ առումով չունեն վերադաս մարմիններ:
3․ Ինքնավար մարմինների դեպքում անկախությունն ինքնավարության իրացման կարևոր պայման է և որպես այդպիսին ենթակա է երաշխավորման ինչպես ընդհանրապես ինքնավար մարմնի, այնպես էլ դրա անդամի համար գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական համարժեք երաշխիքների համակարգի ամրագրմամբ։
- Ինքնավար մարմինների անկախության երաշխիքները պետք է անհրաժեշտ և բավարար լինեն ինքնավար մարմինների առաքելության պատշաճ իրացումն ապահովելու տեսանկյունից, իսկ դրանց կանխորոշման հիմքում պետք է ընկած լինի օբյեկտիվ և պատճառաբանված միասնական տրամաբանություն:
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3CxtVHH :