«Գիտական Արցախ» պարբերականի 2021 թվականի 1-ին (8-րդ) համարում հրապարակվել է «Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական ակտերի կիրառման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում այդ ակտերի կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցադրումների:
Հոդվածը համահեղինակել են ՏՄՊՊՀ անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանը և ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը:
Հետազոտության արդյունքում կատարված հիմնական եզրահանգումներն են՝
- ԵԱՏՄ իրավունքն ինքնուրույն համակարգ է, որն ունի երկակի բնույթ, քանի որ դրան բնութագրական են ինչպես միջազգային, այնպես էլ վերազգային իրավունքի հատկանիշները։
- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները չունեն անմիջական կիրառություն և ենթակա են ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով կատարման։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման ընթացակարգ չի նախատեսում։
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի որոշումների անմիջական կիրառության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորության բովանդակությունից բխում է դրանց կիրառման նպատակով ներպետական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայությունը, և այդ առումով դրանք գործողության մեջ դնելու գործող ներպետական կարգավորումը համահունչ չէ այդ պարտավորությանը։
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը գործողության մեջ դնելու ներպետական ընթացակարգն այն նախաձեռնելու ժամկետի և գործողության մեջ դրվող ակտերի թարգմանության ապահովման առումով ունեն բարեփոխման անհրաժեշտություն։
- Հետագա սահմանադրական բարեփոխումների օրակարգում հարկ է ներառել վերպետական միջազգային կազմակերպություններին առնչվող սահմանադրական կարգավորումների կատարելագործման հարցը՝ ի թիվս այլնի քննարկման առարկա ունենալով այդ մարմինների ակտերի՝ նորմատիվ իրավական ակտերի շարքին դասելու, դրանց նախնական և հետագա սահմանադրական վերահսկողության, ինչպես նաև անմիջական կիրառությանն առնչվող այլ հարցադրումները։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ https://competition.am/wp-content/uploads/2022/03/T_Markosyan_A_Santrosyan.pdf :