ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
Միջոցառման սկզբում մասնակիցները ներկայացրել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները և առաջիկա տարվա ծրագրերը:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձ է կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններին, պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ օրենքի որոշ դրույթների կատարելագործման, նորմատիվ իրավական ակտերի մշակման, թվային հարթակի ստեղծման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքներին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարթակը նախատեսվում է գործարկել այս տարվա առաջին կիսամյակի վերջին, այն հնարավորություն կտա բարելավել շուկայական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծությունների գործընթացը, կապահովի հասանելիություն տարբեր պետական մարմինների տվյալների բազաներին, փոխգործունակ կլինի էլեկտրոնային կառավարության/e-government համակարգի հետ: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունը դեղերի շրջանառության ոլորտում, նախատեսվում է ուսումնասիրություն սկսել ախտորոշման ծառայությունների, ընտանի թռչունների մսի, կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտներում: Արդեն իսկ սկսվել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ԵՏՀ իրավակիրառ պրակտիկային, 2020-ին անդրսահմանային շուկայում տիրող մրցակցության իրավիճակին և ընդհանուր կանոնների խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին առնչվող և օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցեր: