Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ԵՊՀ ապագա իրավագետներն այսօր հյուրընկալվել էին ՏՄՊՊՀ-ում

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հյուրընկալվել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում: Այցի նպատակն էր ուսանողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հանձնաժողովի գործունեությանը:

Ուսանողները մասնակցել է հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տնտեսվարողների համակենտրոնացումների և մրցակցության օրենսդրության շրջանակում հարուցված այլ վարույթների քննարկման վերաբերյալ հարցեր:

Նիստը վարող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է ուսանողներին՝ հույս հայտնելով, որ մրցակցության հարցերը և հանձնաժողովի գործունեությունը կհետաքրքրի ապագա իրավագետներին, քանի որ աշխատաշուկայում այժմ իրապես մրցակցության մասնագետների մեծ պահանջարկ կա:

Նա նաև նշել է, որ ինքը նույնպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է և ավարտական աշխատանքը ներկայացրել է հենց տնտեսական մրցակցության թեմայով, մասնագիտացել այդ ուղղությամբ:

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և բուհ-երի հետ համագործակցությունը, որի սերտացման ուղղությամբ վերջին 1.5 տարում կարևոր քայլեր են իրականացվել:

Նիստի յուրաքանչյուր հարցի քննարկումից հետո ՏՄՊՊՀ նախագահն ուսանողների համար մեկնաբանել է դրա նախապատմությունը, օրենսդրական կարգավորումները, հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները, իսկ արդեն նիստից հետո ներկայացրել հանձնաժողովի գործունեությունն ընդհանուր ուղղություններով: Նա մասնավորապես անդրադարձել է թվայնացման աշխատանքներին, օրենսդրական բարելավումներին, մարդկային ռեսուրսների կառավարման և կրթության ու վերապատրաստման հարցերին:

Այնուհետև ուսանողների հետ հանդիպել և նրանց հարցերին է պատասխանել հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: