Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականի հունվարի 13-ին 2000 թվականի նոյեմբերի 6-ին ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին: Կազմավորման 20 տարիների ընթացքում Հանձնաժողովը՝ որպես պետական ինստիտուտ, կայացման նշանակալի ճանապարհ է անցել: Ներկայումս Հանձնաժողովն անկախության բարձր կարգավիճակ ունեցող ինքնավար մարմին է:
2007 թվական – Հանձնաժողովին վերապահվեց ստուգման իրավասություն, վերահսկման ենթակա ոլորտների շարքում ընդգրկվեց նաեւ պետական օժանդակության հատվածը,
2011 թվական – Սահմանվեց դիտանցում և հսկիչ գնում կատարելու իրավասությունն ու կարգը, հստակեցվեցին և խստացվեցին տուգանքի չափերը, բարեփոխվեցին գերիշխող դիրքի և մրցակցության օրենսդրության այլ ինստիտուտները:
2015 թվական – Առաջին անգամ սահմանադրորեն ամրագրվեց Հանձնաժողովի կարգավիճակը՝ որպես ինքնավար մարմին և ձևավորման կարգը՝ էականորեն բարձրացնելով նրա անկախության երաշխիքները,
2018 թվական – Օրենքում ամրագրում ստացան Սահմանադրությամբ նախատեսված Հանձնաժողովին վերաբերող դրույթները, Օրենքը համապատասխանեցվեց ԵԱՏՄ պայմանագրին և միջազգային լավագույն փորձին,
2019 թվական – Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահվեց Ազգային Ժողովի կառավարող, ընդդիմադիր խմբակցություններին, ՀՀ կառավարությանը:
2021 թվական – «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը համընդգրկուն փոփոխությունների ենթարկվեց: Հանձնաժողովի կարգավիճակը դրվեց ամբողջապես նոր հիմքերի և որակի վրա: Օրենքի փոփոխության արդյունքում հանձնաժողովը շարունակեց գործել նոր անվանմամբ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (նախկին անվանումը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով):
2025 թվական-«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում իրականացված փոփոխությունների արդյունքում 2025 թվականի օգոստոսի 1-ից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդես է գալիս որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ունենալով սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորություններ։
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Սամվել Ստեփանյան (2001-2003թթ.)
Ֆելիքս Փիրումյան (2003-2004թթ.)
Աշոտ Շահնազարյան (2004-2009թթ.)
Դավիթ Հարությունյան (2009-2010թթ.)
Արտակ Շաբոյան (2010-2019թթ.)
2019 թվականի ապրիլից Հանձնաժողովի նախագահն է Գեղամ Գևորգյանը: