Համակենտրոնացում է.
- տնտեսավարող սուբյեկտների միացումը,
- տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը,
- տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի 20 տոկոս կամ ավելի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը,
- մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը,
- մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից իրավաբանական անձի հիմնադրումը,
- տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա։
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասեր, 14-րդ հոդված)
Համակենտրոնացումների նկատմամբ Հանձնաժողովի վերահսկողությունն անհրաժեշտ է համակենտրոնացման հետևանքով մրցակցային իրավիճակը գնահատելու, ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության սահմանափակման հնարավորություն բացահայտելու կամ կանխատեսելու կամ գերիշխող դիրքի հանգեցման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման հարցը պարզելու նպատակներով:
Համակենտրոնացման տեսակներն են՝
- հորիզոնական համակենտրոնացումը, որը տեղի է ունենում միևնույն ապրանքային շուկայում,
- ուղղահայաց համակենտրոնացումը, որը տեղի է ունենում որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում,
- խառը համակենտրոնացումը, որը տեղի է ունենում տարբեր ապրանքային շուկաներում:
Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման, եթե՝
- համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ
- մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ
- համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
Անձանց խմբի դեպքում ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հաշվարկման հիմքում դրվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսավարող սուբյեկտների ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հանրագումարը, ովքեր ներգրավված են ձեռնարկատիրական գործունեության մեջ:
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածը և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 553-Ն որոշումը)։
Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը հայտարարագրելու համար Հանձնաժողով են դիմում համակենտրոնացման մասնակիցները:
Համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման մինչև գործողության մեջ դնելը: Համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում համապատասխան գործողության, վերակազմակերպման կատարման կամ գործարքի կնքման պահը: Այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է պետական գրանցման կամ պետական հաշվառման պահանջ` համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում պետական գրանցման կամ պետական հաշվառման պահը:
Համակենտրոնացման գնահատման վարույթի իրականացման ժամկետը երեք ամիս է, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև երեք ամիս ժամկետով։
Խառը համակենտրոնացումները կամ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացուները Հանձնաժողովի կողմից գնահատվում են պարզեցված ընթացակարգով, որի ժամկետը մեկ ամիս է:
Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման արդյունքում ընդունում է՝
- համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշում,
- համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշում,
- համակենտրոնացումն արգելելու մասին որոշում:
Հանձնաժողովն արգելում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը, եթե՝ - Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման հետևանքով կանխվելու, սահմանափակվելու, արգելվելու կամ այլ կերպ վատթարանալու է տնտեսական մրցակցությունը համապատասխան ապրանքային շուկայում, կամ
- Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացումը հանգեցնելու է գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը, բացառությամբ այն դեպքի, երբ տնտեսավարող սուբյեկտը հիմնավորում է, որ տվյալ համակենտրոնացման հետևանքով ապրանքային շուկայում կապահովվեն բարենպաստ մրցակցային պայմաններ, և չեն վնասվի սպառողների շահերը, կամ
- Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման հետևանքով վնասվելու են սպառողների շահերը, կամ
- համակենտրոնացման մասնակիցը չի ներկայացնում համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունն այլ աղբյուրներից ստանալն անհնար է, կամ
- համակենտրոնացման մասնակիցը ներկայացրել է համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող կեղծ տեղեկատվություն, ինչը բացասաբար է անդրադարձել Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վրա:
Համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը գործում է մեկ տարի ժամկետով, եթե առավել կարճ ժամկետ սահմանված չէ Հանձնաժողովի որոշմամբ։
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 70-րդ, 72-րդ և 73-րդ հոդվածները):
- Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ:
- Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:
Արագացված վարույթի կիրառման դեպքում՝ - համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև 2 միլիոն դրամ:
- Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսը:
Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 88-րդ, 93-րդ և 100-րդ հոդվածները):
Համակենտրոնացումը հայտարարագրելու համար համակենտրոնացման մասնակիցները մինչև այն գործողության մեջ դնելը Հանձնաժողով են ներկայացնում դիմում և հայտարարագիր:
Դիմումը և հայտարարագիրը ներկայացվում են Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Դիմումը և հայտարարագիրը կարող են ներկայացվել նաև՝
- Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով (info@competition.am),
- «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» միջոցով,
- թղթային եղանակով,
որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումի և հայտարարագրի ձևանմուշները, ստորագրել դիմումը և հայտարարագրի բոլոր էջերը, կցել անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնել Հանձնաժողով:
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 68-րդ հոդվածը և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 553-Ն որոշումը)։
Համակենտրոնացման հայտարարագրման դիմումի ձև
Համակենտրոնացման հայտարարագրի ձև
Համակենտրոնացման հայտարարագրին կից տեղեկանք (արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների վերաբերյալ)
- Ո՞վ կարող է ներկայացնել
Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք:
- Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը
Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:
Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դեպքում իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:
- Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը
Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝
- Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով (info@competition.am),
- «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» միջոցով,
- թղթային եղանակով,
որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով: