Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:
Անբարեխիղճ մրցակցության դրսևորումներն են.
- շփոթությունը,
- քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերումը և օգտագործումը,
- մտավոր գործունեության արդյունքների օգտագործումը,
- տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը,
- հասարակության մոլորեցումը,
- տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը,
- օրենքով նախատեսված այլ դեպքեր:
Մանրամասն տեղեկատվության հանար տե՛ս «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներ):
- Հանձնաժողովի կողմից անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ հարուցված վարույթների իրականացման ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:
- Այն դեպքում, երբ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատասխանող կողմն ընդունում է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացնում է իրավախախտման հետևանքները, վերջինս կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով, որը Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում է ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում: Հանձնաժողովի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում վարույթի ամփոփման որոշումը կայացվում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում:
- Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև հինգ տոկոսը:
- Արագացված վարույթի կիրառման դեպքում անբարեխիղճ մրցակցության համար նշանակվում է տուգանք անբարեխիղճ մրցակցություն դրսևորած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 2,5 տոկոսի չափով:
- Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 88-րդ, 93-րդ և 100-րդ հոդվածներ):
- Ո՞վ կարող է ներկայացնել
Անբարեխիղճ մրցակցության դրսևորման վերաբերյալ գրավոր հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
- Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը
Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:
- Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը
Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝
- Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով (info@competition.am),
- «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» միջոցով,
- թղթային եղանակով,
որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով: