SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
ՏՄՊՊՀ նախագահն ամփոփել է 2019 թվականի աշխատանքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է անցնող տարվա աշխատանքները: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 2019 թվականին նախորդ տարվա համեմատությամբ էականորեն աճել է վարույթների քանակը, որը պայմանավորված է եղել քաղաքացիների և տնտեսվարողների դիմում-բողոքների թվաքանակի ավելացմամբ: Առավել տարածված մրցակցային խախտումները մեր երկրում անբարեխիղճ մրցակցության գործողություններն են. այս տարի արձանագրվել է 53 դեպք՝ նախորդ տարվա 49-ի դիմաց, գերիշխող դիրքի չարաշահումները և հակամրցակցային համաձայնությունները, որոնք առավել ծանր խախտումներ են համարվում, ավելացել են 13 դեպքով (2018 թվականին՝ 9 վարույթ, 2019 թվականին՝ 22), համակենտրոնացման գործողությունները կազմել են համապատասխանաբար 32 և 36:

 «Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հանձնաժողովը սկսեց պատասխանատվության միջոցներ կիրառել և գործողություններ իրականացնել նաև պետական մարմինների նկատմամբ, ինչպես նաև այժմ մեծածավալ աշխատանք ենք իրականացնում պետական գնումների ոլորտում: Իհարկե, խախտումները գլոբալ չեն, մեծ չեն, սակայն սրանով մենք տնտեսվարողներին ազդակ ենք հաղորդում, որ նաև պետական մարմինների դեմ բողոքներով կարող են դիմել մեզ: Այսինքն՝ նոր մշակույթ ենք ցանկացում ձևավորել»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ ՏՄՊՊՀ-ն նախատեսված 5 շուկաների փոխարեն այս տարի թվով 7 շուկաներում ուսումնասիրություններ է իրականացրել, որոնք են բենզին, դիզելային վառելիք, շարաքավազ, կարագ, կոնյակի շրջանառություն, սեղմված գազ, գազասպառման համակարգեր, և հրապարակել է հիմնական արդյունքները:

 Բենզինի շուկան շարունակում է մնալ բարձր կենտրոնացված՝ գերիշխող դիրք ունեցող 3 ընկերություններով

Բենզինի շուկան բարձր կենտրոնացվածություն ունի, հիմնական ներկրողը «Ռոսնեվթ Արմենիա» ընկերությունն է, որի միջոցով ՌԴ-ից Հայաստան քվոտավորված բենզին է ներկրվում, որից էլ հայկական 3 ընկերություններ՝ «CPS», «Մաքս-պետրոլ», «Ֆլեշ», ձեռք են բերում այդ բենզինը և Սադախլոյից տեղափոխում Երևան: Շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունի «CPS»-ը, սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում երեք ընկերություններն էլ համարվել են գերիշխող դիրք ունեցող:
Անդրադառնալով բենզինի գնի փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար հանրության կողմից բարձրացվող մտահոգություններին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ բենզինի վաճառքի գնի մեջ 95,5-95,7 տոկոսը կազմում են ուղղակի ծախսերը (տեղափոխում, ձեռքբերում), և այս կարևոր ինդիկատորն օգտագործելով՝ հանձնաժողովը, հետևելով բորսայական գների փոփոխություններին, կարող է հեշտությամբ բացահայտել գնի չհիմնավորված բարձրացումները կամ իջեցումները և չարաշահումների դեպքում արձագանքը չի ուշանա:


Դիզելային վառելիքի շուկայում նոր ընկերություններ են հայտնվել


Դիզելային վառելիքի շուկայում դրական միտումներ կան: 2019 թվականին 18 ընկերություններ են ներկրումներ իրականացրել, սակայն մասնաբաժինները դեռևս փոքր են, և ծավալային առումով շուկայի վրա ազդեցություն չունեն: Շուկան շարունակում է մնալ բարձր կենտրոնացված, հիմնական խաղացողները դարձյալ վերոնշյալ երեք ընկերություններն են:
Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նաև բեզալցակայաների՝ օրենսդրությանը չհամապատասխանելու, ինչպես նաև որակի և թերլցումների խնդիրներ, որոնք անմիջականորեն հանձնաժողովի իրավասիրությունների տիրույթում չեն, ուստի այդ խնդիրների մասին պատասխանատու մարմինները տեղեկացվել են և այդ ուղղությամբ համատեղ աշխատանք է իրականացվում:

Խնդիրներ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ-ներ)

Հանձնաժողովը պարզել է, որ սեղմված գազի խմ-ից կգ-ով վաճառքի անցման պարագայում ինքնաժեքի ավելացում տեղի չի ունեցել, հետևաբար խնդրահարույց է համարվել որոշ ընկերությունների զրոյական կամ բացասական շահութաբերությունը, որը կարող է պայմանավորված լինել ստվերային շրջանառությամբ, և այս հարցում Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ աշխատանք է իրականացվում:
Առկա են նաև գազալցակայաններում անվտանգտության նորմերի խախտման դեպքեր, մասնավորապես բարձր ճնշման տակ գազալցումներ, թերլցումներ, որոնց մասով տեղեկատվությունը փոխանցվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

Ոչ մրցակցային իրավիճակ՝ գազասպառման համակարգերի ոլորտում

Գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման համար ՀՀ կառավարության որոշմամբ մենաշնորհ է սահմանված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, որն իրականացվում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության կողմից. այն «Գազպրոմ Արմենիայի» հանձնակատարն է և ընտրվում է իր կողմից: «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը նաև ԱԳԼՃԿ-ների գազատարների և բազմաբնակարան շենքերում չգտնվող կազմակերպությունների գազատարների տեխնիկական սպասարկման ոլորտներում ունի գերիշխող դիրք, իսկ «Տրանսգազ» ՍՊ ընկերությունը մենաշնորհ ունի ԱԳԼՃԿ-ներին պատկանող գազաբաշխիչ կայանների շահագործման և տեխնիկական սպասարկման ոլորտում: Այս խնդիրները ներկայացվել են ՀՀ կառավարություն, որպեսզի քննարկում տեղի ունենա և հնարավոր արդյունավետ լուծում գտնվի՝ ոլորտում մրցակցություն ապահովելու ուղղությամբ:

Կարագի շուկայում արձանագրվել է գների նվազում, անբարեխիղճ մրցակցության դեպքեր չեն հայտնաբերվել

Կարագի ներմուծման ոլորտում առաջատարներն են «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունները (դիտարկվել է որպես մեկ ընկերություն), որոնց մասնաբաժինը նվազել է ընդամենը 1 տոկոսով, սակայն իրացման ոլորտում նվազումն ակնառու է՝ այն 62 տոկոսից հասել է 49 տոկոսի:
Արտադրության ոլորտում փոքր-ինչ նվազում է արձանագրվել «Դուստր Մարիաննա» ընկերության մասնաբաժնում, որը պայմանավորված է արտադրության ընդհանուր ծավալների աճով և նոր ընկերությունների շուկա մուտք գործելու հանգամանքով, ինչը դրական դինամիկա է:
Հաջորդ դրական նորությունն այս շուկայում վերաբերում է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից ներմուծված կարագի գներին, որոնք 1 կգ-ի հաշվով շուրջ 200-250 դրամով նվազել են: Բացի այդ, չեն հայտնաբերվել դեպքեր, երբ կարագի անվան տակ այլ մթերք է վաճառվում՝ մարգարին, սփրեդ և այլն. լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարագի մեջ բուսական յուղ չի հայտնաբերվել: Մրցակցության սահմանափակման որոշակի խնդիրներ են հայտնաբերվել ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում, որոնք հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, կշտկվեն, սակայն հիմնական խնդիրը մրցակցային դաշտում վերաբերում է առևտրային ցանցերում իրացման պայմաններին, որպեսզի բոլոր ընկերությունների կողմից մատակարարվող ապրանքներն իրացվեն հավասար մարժաներով, հավասար տեղադիրք ունենան դարակաշարերում: Այս ուղղությամբ 2020 թվականին հանձնաժողովը մեծածավալ աշխատանքներ է պլանավորել:

Շաքարի շուկայում նվազել է գերիշխող դիրք ունեցող ընկերության մասնաբաժինը, արձանագրվել է գների արհեստական իջեցում

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարի շուկայում ներմուծողերի դինամիկան և իրացումները փոխվել են: «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունների (դիտարկվել է որպես 1 ընկերություն) ներմուծման մասնաբաժինը շուկայում 67 տոկոսից նվազել է 49 տոկոսի, իսկ իրացման մեջ՝ 95 տոկոսից 88 տոկոսի:
Հանձնաժողովը շաքարի շուկայում գների էական անկում է արձանագրել, սակայն սա, Գեղամ Գևորգյանի պարզաբանմամբ, սպառողների համար ուրախալի, սակայն տնտեսության համար ոչ այնքան դրական նորություն է, քանի որ գների անկումը պայմանավորված է ՌԴ-ից էժան շաքարի մեծ քանակով ներկրմամբ և որոշ դեպքերում ցանցերի կողմից նաև արհեստական իջեցումների պատճառ է դառնում, քանի որ շաքարը հանդիսանում է, այսպես կոչված, մարկերային ապրանք, և դրա համար ցածր գին սահմանելով՝ տնտեսվարողները գնորդներն են գրավում:
Հայաստանն այժմ շաքար ոչ միայն ներմուծում, այլև արտադրում է, սակայն դրա ինքնարժեքը ներմուծվածից ավելի բարձր է: Բացի այդ, 2025 թվականից ԵԱՏՄ կարգավորումներով մաքսատուրք է կիրառվելու երրորդ երկրներից ներմուծված շաքարի և շաքարեղեգի հումքի վրա, և այս պարագայում, հանձնաժողովի նախագահի դիտակմամբ, եթե գործողություններ չիրականացվեն, տեղական արտադրությունը կվտանգվի, ուստի հանձնաժողովը կառավարություն առաջարկություն կներկայացնի՝ նպատակաուղղված խնդրի համակարգային լուծմանը:

Կխստացվի վերահսկողությունը կոնյակի շուկայում՝ բացառելու անբարեխիղճ մրցակցությամբ հայկական բրենդի վարկարժեքի վնասումը

Հանձնաժողովը դիտարկել է կոնյակի արտադրության և իրացման շուկաները, ներմուծումը չի դիտարկվել, քանի որ չնչին տոկոս է կազմում: Թեպետ արտահանման ծավալների ավելացում է արձանագրվել, սակայն մտահոգություններ կան անբարեխիղճ մրցակցության գործողությունների հետ կապված, որոնք վնասում են հայկական բրենդի վարկարժեքը, ինչի հետ կապված ամիսներ առաջ հանձնաժողովը կոչ-հորդոր էր ուղղել տնտեսվարողներին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հաջորդ տարի խիստ վերահսկողություն է իրականացվելու այս ուղղությամբ, արդեն կան փաստական հանգամանքներ և այն ընկերությունների նկատմամբ, որոնք ոչ ճշգրիտ տվյայլներ կփորձեն տրամադրել, վարույթներ կհարուցվեն: Նա նկատել է, որ այս առումով դրական դինամիկա կա, և երբ խաղողի մթերման սեզոնին հանձնաժողովն ուսումնասիրություն նախաձեռնեց, մեծ թվով տնտեսվարողներ այլ մարմիններին տված օպերատիվ տեղեկություններում ճշգրտումներ կատարեցին:
Կոնյակի շրջանառության շուկայում բուն ուսումնասիրությունն ավարտվել է, սակայն թվերի ճշգրտման աշխատանքները շարունակվում են՝ պայմանավորված տնտեսվարողների մեծ թվով:


Վերջում Գեղամ Գևորգյանը նշել է նաև, որ նախատոնական շրջանում հանձնաժողովը խստացրել է հսկողությունը և պարբերաբար դիտանցումներ է իրականացնում պարենային ապրանքների շուկայում՝ խոշոր առևտրային ցանցերում: Մինչ այս պահը գների չհիմնավորված բարձրացումներ չեն արձանագրվել, կան տենդենցներ հակառակ ուղղությամբ:

27/12/2019
 2019
 Դեկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.