SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Մամուլի հաղորդագրություններ
Օրենքի նոր խմբագրությամբ ընդլայնվել և առավել հստակ կարգավորումներ են ստացել հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի պետ Հովհաննես Խաչատրյանը ներկայացնում է հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները:

***

Բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը հիմնվում է նաև կանխարգելիչ գործողությունների վրա։ Այդ նպատակով էլ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ մտած խմբագրությամբ հատուկ ուշադրության են արժանացել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները։

Ի՞նչ կանխարգելիչ լիազորություններ ունի Հանձնաժողովը

Օրենքի նոր խմբագրությամբ Հանձնաժողովն ունի տարաբնույթ լիազորություններ, որոնց մի մասն ունի կանխարգելիչ նշանակություն։ Մասնավորապես`

• տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ եզրակացությունների ընդունումը․
• տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալը,
• տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալն այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ վնասել սպառողների շահերը,
• տնտեսական մրցակցությանն առնչվող խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելը,
• հանրությանը տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին իրազեկելը, որի դրսևորումներից մեկն էլ այս շարքում մեր կողմից լուսաբանվող նյութերն են։
Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Հանձնաժողովը նաև գնահատում է համակենտրոնացումները և իրականացնում ոլորտային ուսումնասիրություններ, որոնց առաջնային նպատակը տնտեսական մրցակցության խաթարման հնարավոր դեպքերի բացահայտումն է և դրանց կանխումը։

Արդյո՞ք Հանձնաժողովը նախկինում չուներ այդ լիազորությունները

Նշված լիազորություններն առկա էին նաև օրենքի նախորդ խմբագրությամբ, սակայն այժմ դրանք ավելի են ընդլայնվել և ստացել առավել հստակ կարգավորումներ։ Մասնավորապես՝

  • Ընդլայնվել է եզրակացություններ տալու լիազորությունը

Զգալիորեն ընդլայնվել է Հանձնաժողովի՝ եզրակացություններ տալու լիազորությունը։ Մասնավորապես, եթե նախկինում եզրակացություններ կարող էին տրամադրվել բացառապես պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի և այլ փաստաթղթերի, պետական օժանդակությունների, տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող համաձայնությունների և համակենտրոնացումների տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ, ապա նոր փոփոխություններով եզրակացությունները ստանալու նպատակով պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողով մինչև տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությամբ կարգավորվող գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը։
Եզրակացությունների տրամադրումը, ի տարբերություն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրմանը, նպատակ ունի կոնկրետ իրավիճակներում դիմողին ներկայացնել Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը տվյալ գործողության, կնքվող գործարքի կամ իրավական ակտի տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ։ Մինչդեռ պարզաբանումներն առավել ընդհանրական բնույթ են կրում և նպատակ ունեն առավել մանրամասնել օրենսդրական կարգավորումները։

  • Սահմանվել է ոլորտային ուսումնասիրությունների իրականացման և ամփոփման կարգը

Տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերը պարզելու և մրցակցային իրավիճակի վրա ազդող այլ պայմանները բացահայտելու հարցում մեծ դեր ունեն նաև ոլորտային ուսումնասիրությունները, որոնք Հանձնաժողովը մշտապես կատարել է, սակայն նոր օրենսդրական փոփոխություններով է միայն սահմանվել դրանց իրականացման և ամփոփման կարգը։

  • Ընդլայնվել են համակենտրոնացումների գնահատման լիազորությունները

Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև համակենտրոնացումների գնահատումը, որի առումով ևս ընդլայնվել են Հանձնաժողովի լիազորությունները։ Մասնավորապես, եթե նախկին օրենսդրությամբ համակենտրոնացում չէին համարվում անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, ապա նոր փոփոխություններով դրանք համակենտրոնացում չեն համարվի միայն այն դեպքում, երբ դրա մասնակիցները օրենքով սահմանված կարգով կտեղեկացնեն Հանձնաժողովին իրենց անձանց խումբ լինելու և կնքվող գործարքի, կատարվող գործողության կամ վերակազմակերպման վերաբերյալ։ Հակառակ դեպքում դրանք կհամարվեն համակենտրոնացումներ և ենթակա կլինեն հայտարարագրման, սակայն պարզեցված կարգով։
Ինչ վերաբերում է Հանձնաժողովի վերը հիշատակված այլ կանխարգելիչ լիազորություններին, ապա դրանց օրենսդրական կարգավորումները փոփոխություններ չեն կրել, սակայն վերջին շրջանում առավել հաճախ են դարձել իրականացվող կանխարգելիչ միջոցառումները հատկապես տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին իրազեկման ուղղությամբ։

01/06/2021
 2021
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.