ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատասխան է ուղարկել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության դիմումին` կապված լայն սպառման շուկաներում գնաճի հետ:
«Օրինաց երկիր» խմբակցությունը դիմել էր Հանձնաժողով, նշելով, որ խմբակցությունը դիմում-բողոքներ է ստանում հանրությունից, կապված գների աճի հետ: Մասնավորապես նշվել են հացահատիկի, շաքարավազի, ձեթի, կարագի, այլ ապրանքատեսակների օրինակները: ԱԺ վերոհիշյալ խմբակցությունը խնդրել է քննարկել իրենց դիմումում նշված ապրանքատեսակների շուկաներում հնարավոր չարաշահումների հարցը:
Դիմումը ժամանակավրեպ է այն առումով, որ Հանձնաժողովն արդեն իրականացրել է վերոհիշյալ ապրանքատեսակների գների փոփոխության եւ չարաշահումների վերաբերյալ վարույթներ: Հանձնաժողովից խմբակցությանը պատասխան է ուղարկվել, որ հացահատիկի դեպքում Հայաստանում գների փոփոխությունը պայմանավորված եւ համարժեք է համաշխարհային շուկայում գների փոփոխություններին ( տես մանրամասները): Կարագի եւ բուսական յուղի դեպքում փոփոխությունը պայմանավորված էր, բայց ոչ ադեկվատ միջազգային շուկայում տեղի ունեցած փոփոխություններին, եւ հակամրցակցային համաձայնությունների համար ձեթի եւ կարագի շուկաներում գործող շուրջ 50 տնտեսվարող սուբյեկտ Հանձնաժողովի կողմից տուգանքների են ենթարկվել ( տես մանրամասները): Շաքարավազի դեպքում տեղի ունեցածը աժիոտաժի հետեւանքով էր, ինչը կարգավորվեց` Հանձնաժողովի կողմից ժամանակին ձեռնարկված քայլերից հետո ( տես մանրամասները):
Հանձնաժողովի մոնիտորինգն այս օրերին արձանագրել է, որ ձեռնարկված վերոհիշյալ քայլերից հետո գնաճի զսպում է տեղի ունեցել:
|