Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատասխանել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի դիմումին` կապված նախընտրական քաղաքական գովազդի ` հեռուստաընկերությունների կողմից սահմանված սակագների հետ:
Պատգամավորը դիմել էր Հանձնաժողով, նշելով. «հաշվի առնելով, որ թեկնածուները (քաղաքական գովազդի) հեռուստարոպեն գնելու են որպես ապրանք եւ վերջինս արդար մրցակցության առկայության պայմաններում չպետք է ավելին լինի, քան առեւտրային գովազդը, խնդրում եմ Ձեզ` Հանձնաժողովում քննարկել հայտարարված սակագների համապատասխանությունը` ՀՀ-ում հռչակված ազատ եւ արդար տնտեսական մրցակցության պայմաններին»:
Հանձնաժողովից ուղարկված պատասխանում նշվել է, որ Հանձնաժողովն իր գործունեությունը ծավալում է համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, որը հստակորեն սահմանում է տնտեսվարող սուբյեկտի այն գործողությունները կամ վարքագիծը, որոնք կարող են հանդիսանալ խախտում: Հանձնաժողովի գնահատմամբ, օրենքի սահմանած հանգամանքների համատեքստում հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քաղաքական գովազդի համար որոշակի սակագներ սահմանելու վերաբերյալ հարցի քննարկումը դուրս է Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներից: |