Լայն սպառման շուկաներում գների վերանայման մասին տնտեսվարող սուբյեկտներին ուղղված նախազգուշացումից հետո գերիշխող դիրք ունեցող մի շարք ընկերություններ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին են ներկայացրել որոշ փաստաթղթեր եւ հիմնավորումներ` իրենց կողմից կիրառվող գների կամ դրանց վերանայման մասին: Մյուսների ներկայացուցիչների հետ ընթանում են քննարկումներ:
<Երեւանի գարեջուր> ընկերության ներկայացրած տեղեկատվության համաձայն, հումքի ձեռքբերման պայմանագրերը կնքվում են եվրոյով, որի նկատմամբ դրամի արժեւորումը <տեղի է ունեցել 10, ոչ թե 35 տոկոսով, ինչպես ԱՄՆ դոլարի դեպքում>: Բացի այդ, ըստ ընկերության հիմնավորումների, չնայած հումքի (ածիկ` 16.7 տոկոս, գայլուկ` 38 տոկոս), մի շարք ծառայությունների թանկացմանը, իրացման ծավալների աճի շնորհիվ ընկերությանը հաջողվել է մեղմել գարեջրի ինքնարժեքի բարձրացումը եւ պահպանել արդեն 2 տարի գործող գները: Ընկերության` Ադմիրալ Իսկակովի 8 եւ Արշակունյաց 51/1 հասցեներում գտնվող ֆիրմային խանութներում արտադրանքի ողջ տեսականին վաճառվում է գործարանային գներով (օրինակ` 0.5 լիտրանոց ապակե տարայով գարեջուրը շշի փոխանակմամբ` 190 դրամով):
Բենզինի շուկայում գերիշխողներից մեկի` <Ֆլեշ> ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի տեղեկացմամբ, օրերս իրենց կողմից իրացվող բենզինի գինը կիջեցվի եւս 10 դրամով:
<Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի> տնօրենը հավի ձվի իրացման գնի հիմնավորումներ է ներկայացրել, նշելով, թե ապրանքի ինքնարժեքը բարձրացել է:
Միեւնույն ժամանակ, լայն սպառման շուկաներում շարունակվում է Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգը: Համաձայն վերջին տվյալների, մի քանի սուպերմակետներում հավի ձվի գնի նվազում է արձանագրվել: Մասնավորապես. <Կիեւ> ՍՊԸ-ին պատկանող խանութում (Կասյան 2)` 70-ից 60 դրամ, <Ֆլիտ ֆուդի> խանութում (Տիգրան Մեծի 23/25)` 65-ից 60 դրամ եւ այլն: Մի շարք խանութներում շաքարավազի գնի անկում է արձանագրվել:
Ներկայացված փաստաթղթերի եւ հիմանվորումների ամփոփումը տեղի կունենա օրերս: Ավելի ուշ կգնահատվեն ամփոփման տվյալները:
|