SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
ՀՀ Սահմանադրություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը
Աշխատակարգ
ՀՀ այլ օրենքներ
Հանձնաժողովի որոշումները
Կանոնադրությունը
Նորմատիվ իրավական ակտեր
Ներքին իրավական ակտեր
Անհատական իրավական ակտեր
Հաճախ տրվող հարցեր
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) վարչական եւ քրեական կարգով վիճարկման կարգը
Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

                          25 մայիսի 2021 թվականի                                                                                     N 77-Ն
                          քաղաք Երևան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ին ՀՕ-92-Ն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 31-ին:
3. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ կիրառելի են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի կարգավորումները։



                                         Նախագահ                                               Գ. Գևորգյան

 

 

Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի 2021 թվականի
մայիսի 25-ի N 77-Ն որոշման

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգը սահմանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները։

2. Հանձնաժողովն իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:

 

ԲԱԺԻՆ 2

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ

3. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստում:

4. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հերթական և արտահերթ կարգով։

5. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի օրերին:

6. Ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել նաև այն դեպքում, երբ նիստ չհրավիրելը կհանգեցնի օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման։

7. Հանձնաժողովի նիստը, որպես կանոն, անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում։

8. Հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի առաջարկով կարող է հրավիրել Հանձնաժողովի արտագնա նիստեր:

ԳԼՈՒԽ 2

ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անդամը (այսուհետ նաև՝ Հանձնաժողովի նիստը նախագահող)։

10. Հանձնաժողովի նիստերի աշխատանքային լեզուն հայերենն է։ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն Հանձնաժողովի նիստին հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Նիստի մասնակիցները փաստաթղթեր կարող են ներկայացնել այլ լեզվով՝ ապահովելով հայերեն պատշաճ թարգմանությունը:

11. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ դռնփակ նիստի անցկացման դեպքերի։

12. Հանձնաժողովի դռնբաց նիստին կարող են ներկա գտնվել Հանձնաժողովի աշխատակիցները և այլ անձինք՝ հաշվի առնելով Հանձնաժողովի նիստերի դահլիճի առկա տեղերի քանակը։ Հանձնաժողովի դռնբաց նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

13. Հանձնաժողովը որոշում է կայացնում նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ` առևտրային գաղտնիքի պահպանության, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

14. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է Հանձնաժողովի նիստը նախագահողը:

15. Վարույթի մասնակիցներից և նրանց ներկայացուցիչներից վերցվում է ստորագրություն՝ դռնփակ նիստի ընթացքում բացահայտված օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին: Նիստի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները նախազգուշացվում են բացահայտված գաղտնի տեղեկությունները հրապարակելու կամ օգտագործելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

16. Դռնբաց նիստին ներկա գտնվող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Դռնբաց նիստի ընթացքում կինոնկարահանումը, լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են Հանձնաժողովի նիստը նախագահողի թույլտվությամբ։

17. Դռնփակ նիստի ընթացքում նիստին ներկա գտնվողների կողմից տեսանկարահանում, կինոնկարահանում, լուսանկարահանում և տեսաձայնագրում, ինչպես նաև հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով արգելվում է:

18. Եթե դռնփակ նիստը Հանձնաժողովի կողմից ձայնագրվել է, ապա վարույթի մասնակիցները դռնփակ նիստի՝ իրենց մասնակցությամբ հարցի քննարկման մասով ձայնագրությունը կարող են ստանալ համապատասխան դիմում ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:

19. Հանձնաժողովի նիստը նախագահողը՝
1) պարզում է Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց պատշաճ ծանուցված լինելու հարցը.
2) հանդես է գալիս ելույթներով և հարցերով.
3) ելույթի հնարավորություն է տալիս նիստի մասնակիցներին կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք վերաբերելի չեն Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը.
4) հայտարարում է քվեարկության անցկացման և քվեարկության արդյունքների մասին.
5) հայտարարում է Հանձնաժողովի նիստի ավարտի մասին.
6) Հանձնաժողովի նիստի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործողություններ։

20. Նիստի օրակարգում ընդգրկված հարցը կարող է հանվել օրակարգից, կարող է փոխվել դրա տեսակը (զեկուցվողը՝ որպես չզեկուցվող և հակառակը), ինչպես նաև օրակարգում կարող է ներառվել լրացուցիչ հարց Հանձնաժողովի նիստը նախագահողի, Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Հանձնաժողովի օրակարգի հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում քվեարկությամբ:

21. Մինչև հարցերի քննարկումը սկսելը Քարտուղարության աշխատակիցն իրազեկում է նիստի մասնակիցների և հրավիրյալների` նիստին ներկա լինելու, նիստին չներկայացած անձանց` նիստի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելու մասին, ինչպես նաև, առկայության դեպքում, տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

22. Նիստի մասնակիցները Հանձնաժողովին դիմում են «Հարգելի Հանձնաժողով», նիստը նախագահողին` «Հարգելի նախագահող», Հանձնաժողովի անդամին` «Հանձնաժողովի հարգելի անդամ» արտահայտություններով:

23. Նիստի մասնակիցները պետք է չխոչընդոտեն նիստի բնականոն ընթացքը և դրսևորեն հարգալից վերաբերմունք Հանձնաժողովի և նիստի մասնակից այլ անձանց նկատմամբ։

24. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:

25. Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցը զեկուցում է այն պատրաստող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ նրա համաձայնությամբ` այլ աշխատակից:

26. Զեկուցողը ամբիոնից ներկայացնում է գործի համառոտ նկարագրությունը։

27. Հանձնաժողովի նիստում զեկուցվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 10 րոպե, ելույթների համար՝ մինչև 10 րոպե, վարույթի մասնակիցներին ուղղված հարցերի և պատասխանների համար` մինչև 20 րոպե, այլ ելույթների համար՝ մինչև հինգ րոպե ժամանակ: Նիստը նախագահողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

28. Զեկուցմանը, առկայության դեպքում, հաջորդում են հարցի վերաբերյալ ելույթները կամ հարցերը և պատասխանները:

29. Նիստի աշխատանքները նշանակված օրը չավարտվելու դեպքում նիստը շարունակվում է Հանձնաժողովի նիստը նախագահողի կողմից սահմանված այլ ժամկետում:

30. Հանձնաժողովի նիստը, ըստ անհրաժեշտության, կարող է հետաձգվել կամ ընդմիջվել նիստի անցկացմանը խոչընդոտող հանգամանքների առկայության կամ նման անհրաժեշտության առաջացման այլ դեպքերում:

31. Եթե օրակարգում ներառված հարցի քննարկման տևողությունը գերազանցում է օրակարգով սահմանված ժամանակահատվածը, ապա հաջորդ հարցի քննարկումն իրականացվում է նախորդի քննարկման ավարտից հետո։

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

32. Նիստի մասնակցի դիմումի հիման վրա Հանձնաժողովի նախագահը կարող է մասնակցին հնարավորություն տալ Հանձնաժողովի նիստին մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում:

33. Հանձնաժողովի նիստին իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ մասնակցելու վերաբերյալ դիմումը (այսուհետ՝ տեսաձայնային մասնակցության դիմում) մասնակիցը ուղարկում է Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am) միջոցով Հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից, որպես կանոն, երեք օր առաջ:

34. Տեսաձայնային մասնակցության դիմումում նշվում են՝
1) մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն.
2) Հանձնաժողովի նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում մասնակցելու հնարավորություն տալու կամ չտալու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի համապատասխան գրությունը էլեկտրոնային փոստի հասցեով ստանալու մասնակցի համաձայնությունը.
3) Հանձնաժողովի նիստին իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ մասնակցող անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, կարգավիճակը:

35. Տեսաձայնային մասնակցության դիմումին կցվում են դիմումը ստորագրողի, ինչպես նաև նիստին մասնակցող անձանց (մասնակցի, վերջինիս ներկայացուցչի) ինքնությունը և լիազորությունները հավաստող փաստաթղթերը:

36. Տեսաձայնային մասնակցության դիմումը ստանալուց հետո երկօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան գրությամբ նիստի մասնակիցը տեսաձայնային մասնակցության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկացվում է Հանձնաժողովի նիստին իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ մասնակցելու հնարավորություն տալու կամ չտալու մասին:

37. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահը նիստի մասնակցին հնարավորություն է տալիս մասնակցել իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ, մասնակիցը Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան գրությամբ տեղեկացվում է նաև տեսաձայնային հեռահաղորդակցության համապատասխան կապի միջոցին միանալու տեխնիկական ցուցումների մասին:

38. Նիստի մասնակցին հնարավորություն չի տրվում Հանձնաժողովի նիստին մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում կամ այն դադարեցվում է, եթե՝
1) բացակայում է տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում Հանձնաժողովի նիստին մասնակցելու տեխնիկական հնարավորությունը.
2) տեսաձայնային մասնակցության դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի կամ տեսաձայնային մասնակցության դիմումին ներկայացվող պահանջների խախտմամբ.
3) անհրաժեշտ է մասնակցի ներկա գտնվելը Հանձնաժողովի նիստին.
4) տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ նիստին մասնակցող անձը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը։
5) անցկացվում է Հանձնաժողովի դռնփակ նիստ։

39. Հանձնաժողովի նախագահի կողմից մասնակցին Հանձնաժողովի նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում մասնակցելու հնարավորություն տալը չի զրկում նիստի մասնակցին Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու հնարավորությունից: Հանձնաժողովի նիստին մասնակցի ներկա գտնվելու դեպքում չի ապահովվում վերջինիս՝ Հանձնաժողովի նիստին իրական ժամանակի ռեժիմում տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ մասնակցության հնարավորությունը:

40. Հանձնաժողովի նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ կարող են մասնակցել Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ՝ Հանձնաժողովի անդամը։

 

ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

41. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գրավոր համառոտագրմամբ, իսկ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում նաև ձայնագրվում կամ տեսաձայնագրվում են։

42. Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը, Հանձնաժողովի նիստի ավարտից հետո երեք օրվա ընթացքում իր կողմից ստորագրված նիստի արձանագրությունը ներկայացնում է նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ստորագրմանը:

43. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ներքին օգտագործման նյութեր են, վարչական վարույթի նյութեր չեն և պահվում են Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձի մոտ և սահմանված կարգով արխիվացվում:

44. Հանձնաժողովի նիստի համառոտագրվող արձանագրությունում նշվում են՝
1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստը սկսելու և ավարտվելու ժամերը.
3) նիստը նախագահողի, նիստին ներկա Հանձնաժողովի անդամների և նիստի քարտուղարի անուն-ազգանունը և մասնակիցների մասին տեղեկությունները,
4) Հանձնաժողովի կողմից քննվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ.
5) Հանձնաժողովի ընդունած բանավոր (արձանագրային) որոշումների մասին.
6) նիստին հնչած զեկուցումների, ելույթների, հարցերի և պատասխանների մասին համառոտ.
7) նիստին մասնակցող անձանց հայտարարությունների, առաջարկությունների, առարկությունների, միջնորդությունների և բացատրությունների մասին.
8) քվեարկության արդյունքների մասին.
9) հատուկ կարծիքի մասին։

 

ԲԱԺԻՆ 3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 5

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

45. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումն ապահովում է Հանձնաժողովի Քարտուղարությունը։

46. Հարցի քննարկումը նիստին ներկայացնելու նպատակով պատասխանատու աշխատակիցը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, որպես կանոն, նիստից առնվազն տասն օր առաջ Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է հայտ, որին կցում է գործի փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկանքը կամ Հանձնաժողովի որոշման նախագիծը։

47. Հայտի ներկայացումը համաձայնեցվում (նշագրվում) է Հանձնաժողովի այն անդամի հետ, ով համակարգման լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կամ դրա կողմից իրականացվող աշխատանքները (այսուհետ՝ Համակարգող անդամ), գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, իրավաբանական վարչության պետի և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ։

48. Հայտում նշվում են՝
1) նիստի օրը, որի ընթացքում առաջարկվում է քննարկել հարցը.
2) քննարկվող հարցի անվանումը.
3) առաջարկություն դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ.
4) հարցի տեսակը (զեկուցվող կամ չզեկուցվող).
5) զեկուցվող լինելու դեպքում՝ զեկուցողի անուն-ազգանունը.
6) ըստ անհրաժեշտության, այլ տեղեկություններ։

49. Հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ հայտով ներկայացված առանձին հարցերի նախնական քննարկման համար կարող է անցկացվել նախանիստ։

50. Հանձնաժողովի նիստի օրակարգը, Քարտուղարության ներկայացմամբ, հաստատում է Հանձնաժողովի նախագահը, որպես կանոն, նիստից չորս օր առաջ: Օրակարգը հասանելի է դարձվում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում: Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները նիստի մասին ծանուցվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում առկա տեղեկությունների հիման վրա։

51. Նիստի հիմնական օրակարգը ձևավորվում է նախանիստերի արդյունքների հիման վրա։ Օրակարգում ներառվում է հարցի անվանումը, տեսակը (զեկուցվող կամ չզեկուցվող) և զեկուցվող լինելու դեպքում՝ զեկուցողի անուն-ազգանունը։

52. Նիստի հարցերն օրակարգում նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից:

53. Չզեկուցվող են այն հարցերը, որոնք նիստում ենթակա չեն զեկուցման և քննարկման: Չզեկուցվող հարցերի դեպքում Հանձնաժողովի անդամի կողմից նիստի ընթացքում կարող են ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։

54. Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ներկայացվում են որոշման նախագծեր, տեղեկանքներ կամ կոնկրետ վարույթի կամ ուսումնասիրության կապակցությամբ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ փաստաթղթեր և նյութեր: Նշված նյութերին կարող են ծանոթանալ միայն Հանձնաժողովի անդամները և համապատասխան աշխատակիցները։

55. Որոշման նախագիծը և տեղեկանքը պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական կարծիքն է քննարկվող հարցի վերաբերյալ և հանդիսանում է ներքին օգտագործման նյութ։

56. Պատասխանատու ստորաբաժանումները կրում են պատասխանատվություն Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցի հիմնավորվածության, ներկայացված նյութերի ամբողջականության, ինչպես նաև օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկության և ժամկետների պահպանման համար։

57. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նիստը գումարվում է Հանձնաժողովի անդամների կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, նիստի օրակարգը առաջարկվում է նախաձեռնողի կողմից։

 

ԳԼՈՒԽ 6

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՆԻՍՏԵՐԸ

58. Նախանիստը վարում և նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անդամը։

59. Նախանիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամները և Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ այլ աշխատակիցներ։

60. Նախանիստերը տեղի են ունենում Հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ, որպես կանոն, նիստերից առնվազն յոթ օր առաջ:

61. Նախանիստի անցկացման օրը և ժամը սահմանում է նախանիստը նախագահողը, որպես կանոն, նախանիստից առնվազն մեկ օր առաջ:

62. Հանձնաժողովի նախանիստում քննարկվող հարցը զեկուցում է պատասխանատու մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ նրա համաձայնությամբ այլ աշխատակից:

63. Նախանիստում քննարկման արդյունքներով որոշվում է քննարկվող հարցի հետագա ընթացքը։ Նախանիստից հետո պատասխանատու աշխատակիցների կողմից այլ գործողություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, վերջիններս գործում են նախանիստը նախագահողի կամ Համակարգող անդամի կողմից իրենց տրված հանձնարարությունների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 7

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

65. Վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց Հանձնաժողովի նիստի օրվա և ժամի մասին ծանուցումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ:

66. Ծանուցման ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը և Քարտուղարությունը:

67. Գրավոր ծանուցման մեջ նշվում են՝
1) նիստի վայրը, օրը և ժամը․
2) հարուցված վարույթի առկայության դեպքում՝ հարուցված վարույթի տվյալները.
3) նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով մասնակցելու հնարավորության մասին.
4) տեղեկացում, որ նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը չի խոչընդոտում նիստի անցկացմանը.
5) տեղեկացում անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցչի դեպքում՝ լիազորությունները հավաստող փաստաթղթով ներկայանալու մասին.
6) տեղեկացում, որ այն դեպքում, երբ ծանուցմամբ սահմանված ժամին Հանձնաժողովի կողմից քննարկվում է օրակարգում ներառված դրան նախորդող այլ հարց, տվյալ հարցի քննարկումը սկսվում է այդ հարցի քննարկման ավարտից հետո։

 

ԲԱԺԻՆ 4

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

68. Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակիցներին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ: Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ այդ որոշումները ևս կարող են ձևակերպվել գրավոր:

69. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքներն արձանագրվում են։

70. Հանձնաժողովը չզեկուցվող հարցերի քվեարկությունը կարող է իրականացնել մեկ փաթեթով։

71. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության համար ունի մեկ ձայնի իրավունք։

72. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։

73. Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկ հայտնած անդամը, բացարկվող անդամը չի մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:

74. Քվեարկությունը կազմակերպում և արդյունքներն ամփոփում է Հանձնաժողովի նիստը նախագահողը։

75. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը որոշման ստորագրումից հետո մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք։ Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքն ստորագրվում և կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը և հրապարակվում կայքում։

76. Հանձնաժողովի ընդունած որոշումը և եզրակացությունը Հանձնաժողովի նախագահը ստորագրում է մեկ օրվա ընթացքում:

77. Հանձնաժողովի որոշումը կամ եզրակացությունը, որն ընդունվել է որոշակի դիտողությունների և առաջարկությունների ներկայացմամբ, լրամշակվում է և համապատասխան առաջարկներ ներկայացրած Հանձնաժողովի անդամի հետ համաձայնեցվելուց հետո, ներկայացվում է Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը։ Հանձնաժողովի նախագահն այդ որոշումը կամ եզրակացությունը ստորագրում է ընդունվելուց հետո հինգ օրվա ընթացքում:

78. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելուց հետո երեք օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ուղարկվում են հասցեատիրոջը։ Հատուկ կարծիքի առկայության դեպքում ուղարկվում է նաև հատուկ կարծիքը։

79. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները, իսկ առկայության դեպքում նաև հատուկ կարծիքը, հասցեատիրոջն ուղարկվում են՝ չներառելով պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածները:

 

ԲԱԺԻՆ 5

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԵՎ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 8

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

80. Հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած գնումը:

81. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են`
1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ.
2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

82. Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը հսկիչ գնում իրականացնելու նպատակով Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագրում նշում Է՝
1) տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները).
2) հսկիչ գնում իրականացնելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը) կամ ինտերնետային կայքը, որտեղ առաջացել է հսկիչ գնում իրականացնելու անհրաժեշտություն։
3) հսկիչ գնում իրականացնելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման անհրաժեշտության մասին տեղեկություն` համապատասխան ապրանքների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա:

83. Երրորդ անձինք կարող են գրավոր տեղեկություն ներկայացնել Հանձնաժողովին տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման հնարավոր դեպքերի վերաբերյալ, որից կարող է բխել Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում իրականացնելու անհրաժեշտությունը։

84. Հանձնաժողովի նախագահը զեկուցագիրը կամ երրորդ անձից ստացված տեղեկությունները ստանալուց հետո ոչ ուշ քան երկու օրվա ընթացքում, գնահատելով հսկիչ գնում իրականացնելու անհրաժեշտության հարցը, ընդունում է հրաման հսկիչ գնում իրականացնելու մասին։

85. Հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են Հանձնաժողովի նախագահի՝ հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի հիման վրա` Հանձնաժողովի աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանման կողմից:

86. Հսկիչ գնում իրականացնելուց հետո հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը ստացականով հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

87. Հսկիչ գնում իրականացնելուց հետո Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը կազմում է արձանագրություն։

88. Հսկիչ գնման արձանագրությանը, առկայության դեպքում, կցվում են հսկիչ գնման հետ առնչություն ունեցող բոլոր նյութերը (օրինակ՝ ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր, լուսանկարներ, տեսանկարահանումներ, այլ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր)։ Կցված նյութերի մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:

89. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։ Արձանագրությանը կցված նյութերի ծավալուն լինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է դրանց՝ Հանձնաժողովի գտնվելու վայրում ծանոթանալու հնարավորության մասին։

90. Այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը չեն գտնվում հսկիչ գնում իրականացնելու վայրում, հրաժարվում են ստանալ կամ որևէ այլ պատճառով անհնար է հանձնել հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը, ապա հրամանի պատճենը և արձանագրության երկրորդ օրինակը արձանագրությունը կազմելուց հետո հինգ օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին։

91. Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող անձի) չստորագրելու, ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով հանձնելու անհնարինության դեպքում հսկիչ գնում իրականացրած անձը հսկիչ գնումն իրականացնելուց հետո երկու օրվա ընթացքում կազմում է Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիր արձանագրությունը հանձնելու անհնարինության վերաբերյալ։

 

ԳԼՈՒԽ 9

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

92. Դիտանցում է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) Հանձնաժողովի իրականացրած դիտարկումը՝ առանց գնում կատարելու:

93. Դիտանցում իրականացնելու համար հիմք են`
1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը դիտանցում իրականացնելու վերաբերյալ.
2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

94. Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը դիտանցում իրականացնելու համար Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագրում նշում Է՝
1) տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները).
2) դիտանցում իրականացնելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը) կամ ինտերնետային կայքը, որտեղ առաջացել է դիտանցում իրականացնելու անհրաժեշտություն։

95. Երրորդ անձինք կարող են գրավոր տեղեկություն ներկայացնել Հանձնաժողովին տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման հնարավոր դեպքերի վերաբերյալ, որից կարող է բխել Հանձնաժողովի կողմից դիտանցում իրականացնելու անհրաժեշտությունը։

96. Հանձնաժողովի նախագահը զեկուցագիրը կամ երրորդ անձից ստացված տեղեկությունները ստանալուց հետո ոչ ուշ քան երկու օրվա ընթացքում, գնահատելով դիտանցում իրականացնելու անհրաժեշտության հարցը, ընդունում է հրաման դիտանցում իրականացնելու մասին։

97. Դիտանցում իրականացնելուց հետո դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը ստացականով հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

98. Դիտանցումն իրականացնելուց հետո Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը կազմում է արձանագրություն։

99. Դիտանցման արձանագրությանը, առկայության դեպքում, կցվում են տնտեսավարող սուբյեկտի տիրապետության ներքո գտնվող դիտանցմանն առնչվող բոլոր նյութերը (այդ թվում՝ կանոնադրություն, պայմանագիր, վկայական, տեղեկանք, հաշիվ-ապրանքագիր, անձնագիր, լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր)։ Դիտանցման արձանագրությանը կցված նյութերի մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ։

100. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։ Արձանագրությանը կցված նյութերի ծավալուն լինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է դրանց՝ Հանձնաժողովի գտնվելու վայրում ծանոթանալու հնարավորության մասին։

101. Այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը չեն գտնվում դիտանցում իրականացնելու վայրում, հրաժարվում են ստանալ կամ որևէ այլ պատճառով անհնար է հանձնել դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը, ապա հրամանի պատճենը և արձանագրության երկրորդ օրինակը արձանագրությունը կազմելուց հետո հինգ օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին։

102. Դիտանցման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող անձի) չստորագրելու, ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով հանձնելու անհնարինության դեպքում դիտանցում իրականացրած անձը դիտանցումն իրականացնելուց հետո երկու օրվա ընթացքում կազմում է Հանձնաժողովի նախագահին ուղղված բացատրություն արձանագրությունը հանձնելու անհնարինության վերաբերյալ։

 

ԲԱԺԻՆ 6

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 10

ՆԻՍՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

103. Հանձնաժողովը կարող է կազմակերպել քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների, անհրաժեշտության դեպքում, այլ անձանց մասնակցությամբ։

104. Քննարկումներ կարող են կազմակերպվել՝
1) Հանձնաժողովի լիազորությունների և գործառույթների իրականացմանն ուղղված հարցերի (նախագծերի) քննարկման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման կամ ամփոփման համար.
2) տնտեսական մրցակցությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցերի, այլ փաստաթղթերի մշակման համար․
3) տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա հիմնահարցերի վերաբերյալ.
4) Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առնչությամբ․
5) Հանձնաժողովի կողմից ոլորտային ուսումնասիրությունների իրականացման առնչությամբ.
6) Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ դեպքերում։

105. Քննարկումները կարող են կազմակերպվել Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի անդամի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի կամ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ (այսուհետ՝ քննարկումը կազմակերպող)։

106. Քննարկումներն անցկացվում են հանդիպումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով։ Քննարկման ձևաչափը և մասնակիցների ցանկը յուրաքանչյուր դեպքում սահմանվում է քննարկումը կազմակերպողի կողմից։

107. Քննարկման մասին տեղեկացումը պարունակում է քննարկումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի մասին տեղեկություններ:

 


ԳԼՈՒԽ 11

ԹԵԺ ԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

108.Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի օրենսդրության խախտման հնարավոր դեպքերի վերաբերյալ ահազանգերի ընդունման նպատակով Հանձնաժողովում գործում է թեժ գծի հեռախոսահամար, որը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։

109.Թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հետ կապված աշխատանքներն, այդ թվում՝ ահազանգի գրանցումն, իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը (այսուհետ՝ թեժ գծի պատասխանատու)։

110.Հանձնաժողովի թեժ գծի միջոցով թեժ գծի պատասխանատուն անձամբ կամ իրավասու այլ աշխատակից տրամադրում է միայն հակիրճ խորհրդատվություն։

111. Եթե թեժ գծով ներկայացված ահազանգը պարունակում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության առերևույթ խախտման մասին տեղեկատվություն, ապա թեժ գծի պատասխանատուն կամ իրավասու աշխատակիցը երեք օրվա ընթացքում կազմում են Հանձնաժողովի նախագահին ուղղված համապատասխան զեկուցագիր։

 

ԳԼՈՒԽ 12

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

112. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի, հանրային իրազեկման աշխատանքների և այլ միջոցներով:

113. Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները և Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում ստորագրումից հետո տասն օրվա ընթացքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:

114. Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումն ապահովում է համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը Հանձնաժողովի պաշտոնական կայքի միջոցով:

 

ԳԼՈՒԽ 13

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

115. Սույն աշխատակարգով, Հանձնաժողովի որոշումներով և եզրակացություններով օրերով սահմանված ժամկետների հաշվարկն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օրերով։

116. Աշխատակարգով, Հանձնաժողովի որոշումներով և եզրակացություններով սահմանված ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։

117. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

118. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

119. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

120. Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին աշխատանքային օրվա այն ժամին, երբ ավարտվում է աշխատանքային օրը:

121. Ժամերով որոշվող ժամկետն սկսվում է այն իրադարձության վրա հասնելու հաջորդ ժամից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Ժամերով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ժամի վերջին վայրկյանին:

122.Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի, օրվա կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

123. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական:

 

Ներբեռնել pdf տարբերակը 

01/06/2021
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.