SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
ՀՀ Սահմանադրություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը
ՀՀ այլ օրենքներ
Հանձնաժողովի որոշումները
Կանոնադրությունը
Հանձնաժողովի կանոնադրությունը
Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները
Իրավական ակտեր
Հաճախ տրվող հարցեր
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) վարչական եւ քրեական կարգով վիճարկման կարգը
Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի 16 օգոստոսի
Թիվ 102-Լ, քաղաք Երևան

 
 
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով)՝


ո ր ո շ ու մ է


1. Հաստատել Հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) Մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչությունը, Վերլուծության և մրցակցության գնահատման վարչությունը և Դիտանցումների բաժինը միաձուլել` ստեղծելով Ընդհանուր քաղաքականության և շուկաների վերլուծության վարչություն.
2) Վերահսկողության վարչությունը բաժանել՝ ստեղծելով Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն և Մրցակցության պաշտպանության վարչություն.
3. Միջազգային համագործակցության վարչությունն անվանափոխել Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչություն.
4. Ընդհանուր բաժինն անվանափոխել Քարտուղարություն:
5. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 28-ի «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 108-Լ որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայք էջում հրապարակմանը հաջորդող օրվանից(www.competition.am):

 

                                          ՆԱԽԱԳԱՀ                                                       Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի
2019 թվականի օգոստոսի 16-ի թիվ 102-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ինքնավար մարմին է:

2. Հանձնաժողովը ստեղծվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

3. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Օրենքի, նորմատիվ իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:

5. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում ընդունում է նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտեր: Հանձնաժողովը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

6. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ: Հանձնաժողովը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Հանձնաժողովի կառուցվածքում ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի և անդամների, գլխավոր քարտուղարի, Հանձնաժողովի նախագահի խորհրդականի, օգնականի, Հանձնաժողովի անդամի օգնականի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

8. Հանձնաժողովի անվանումն է`
հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (կրճատ՝ ՀՀ ՏՄՊՊՀ).
ռուսերեն լրիվ՝ Государственная комиссия по защите экономической конкуренции Респиблики Армения (կրճատ՝ ГКЗЭК РА).
անգլերեն լրիվ՝ State Commission for the Protection of Economic Competition of the Republic of Armenia (կրճատ՝ SCPEC RA).
ֆրանսերեն լրիվ՝ La Commission d՚Etat pour la Protection de la Concurrence Économique de la République de l՚Arménie (կրճատ՝ CEPCE RA):

9. Հանձնաժողովի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Մհեր Մկրտչյան փողոց, շենք 5բ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ,
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Հանձնաժողովի նպատակներն են՝
1) պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը.
2) ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր.
3) նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:

11. Հանձնաժողովի խնդիրներն են՝
1) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումն ու խրախուսումը.
2) բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.
3) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.
4) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

12. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի քննարկումը և որոշումների ընդունումը.
3) տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ դատարան դիմելը.
4) տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը մասնակցելը.
5) իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը մասնակցելը.
6) Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր կնքելը, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում այդ մարմիններից և կազմակերպություններից մասնագետների, փորձագետների ներգրավումը` այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ.
7) տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումների մշակումը և իրականացումը.
8) տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձի ամփոփումը և դրա կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը.
9) իր գործունեության հրապարակայնության ապահովումը.
10) տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` Օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը.
11) իր իրավասությանը վերապահված այլ գործողությունների իրականացումը:

13. Հանձնաժողովի լիազորություններն են՝
1) Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու որոշումներ՝
ա) Օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների.
բ) ապրանքային շուկաների ուսումնասիրության.
գ) վարչական վարույթ հարուցելու, ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու.
դ) ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման.
ե) գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման).
զ) տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից Օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, Օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման.
է) պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու.
ը) համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու.
թ) տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց Օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու.
ժ) տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` Օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.
ժա) Հանձնաժողովի, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից Օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.
2) իրականացնելու վերահսկողություն Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում.
4) դիմելու դատարան Օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.
5) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` Օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ.
6) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.
7) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, դիտանցումների, հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման, ապրանքային շուկայի որոշման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննության, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման վերաբերյալ համապատասխան կարգեր.
8) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
9) Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա կարող է վերանայել իր կողմից ընդունված որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներով.
10) Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա պարզաբանելու իր որոշումները, ուղղելու դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը.
11) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

14. Հանձնաժողովի որոշմամբ կարող են ստեղծվել Հանձնաժողովին կից խորհրդակցական մարմիններ, որոնց անհատական կազմն ու աշխատակարգը հաստատում է Հանձնաժողովը:
15.Հանձնաժողովի առանձին գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի նախագահի հրամանով կարող են կազմավորվել ժամանակավոր աշխատանքային խմբեր, որոնք հրամանով սահմանված ժամկետում իրականացնում են որոշակի աշխատանքներ, այդ թվում` Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելու կամ իրականացնելու կապակցությամբ իրականացնում են ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում: Ժամանակավոր աշխատանքային խմբի աշխատանքների իրականացման և կազմակերպման համար պատասխանատվություն է կրում հրամանում նշված խմբի ղեկավարը: Աշխատանքային խմբի աշխատանքների համակարգումը կարող է վերապահվել Հանձնաժողովի անդամներից մեկին կամ մի քանիսին:

 


III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից՝ նախագահ և վեց անդամ: Հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոնները համարվում են ինքնավար պաշտոններ:

17. Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ:

18. Հանձնաժողովի նախագահին անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարը, Հանձնաժողովի նահագահի խորհրդականը, օգնականը, հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

19. Հանձնաժողովի նախագահին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

20. Հանձնաժողովի նախագահը՝
1) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին և իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև, պատասխանատու է Հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը, սահմանում է նախանիստի անցկացման կարգը.
4) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.
5) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները.
6) հաստատում է հաստիքացուցակը.
7) Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ.
8) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Հանձնաժողովի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
9) նշանակում և ազատում է իր խորհրդականին, օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
10) իր իրավասության սահմաններում՝ առանց լիազորագրի հանդես է գալիս Հանձնաժողովի անունից դատարաններում, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրում է տեղեկանքներ կամ գլխավոր քարտուղարին է հանձնարարում տեղեկանքների տրամադրումը.
12) ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը.
13) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում քննարկումներ՝ պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
15) հաստատում է Հանձնաժողովում գործավարության կազմակերպման կարգը.
16) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը, վայրը.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
19) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրու-թյունները՝ սահմանելով դրանց գործառույթները և իրավասությունները.
20) լսում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
21) պարգևատրում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության գործում ավանդ ունեցող անձանց և կազմակերպություններին.
22) օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, հանդես է գալիս որպես գլխավոր կարգադրիչ պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացված ծախսային ծրագրի համար, ֆինանսների կառավարման պետական մարմնի նախնական համաձայնությամբ հաստատում է Հանձնաժողովի կարիքների համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային կամ վարկային ծրագրերի գնումների պլանը, ծախսերի նախահաշիվը.
23) իրականացնում է Օրենքով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

22. Հանձնաժողովի անդամը`
1) անկախ է և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, այլ իրավական ակտերին համապատասխան.
2) համակարգում է վարչության գործունեությունը կամ դրա կողմից իրականացվող աշխատանքները իր համակարգման լիազորությունների շրջանակում, եթե այդպիսիք վերապահվել են.
3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կառուցվածքային ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրացումը,
5) իր լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակ¬ցություններ, կազմակերպում է աշխատանքային քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
6) իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում Հանձնաժողովի որոշումներ և այլ փաստաթղթեր.
7) Հանձնաժողովին և Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարը ունի տեղակալ: Գլխավոր քարտուղարը իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են իր տեղակալը և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26.Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Հանձնաժողովին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Հանձնաժողովի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է Հանձնաժողովի տարեկան հաշվեկշիռը.
5) Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է Հանձնաժողովի անդամների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Հանձնաժողովի նախագահին.
9) անհրաժեշտության դեպքում ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված և գլխավոր քարտուղարի անունից ելքագրվող գրությունները.
10) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նշագրում է Հանձնաժողովի որոշումների, Հանձնաժողովի նախագահի հրամանների, ելից գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերը.
11) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.
12) պատասխանատվություն է կրում Հանձնաժողովի հաշվապահական հաշվառումը վարելու, ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու և համապատասխան մարմիններին ներկայացնելու համար.
13) ապահովում է Հանձնաժողովի նիuտերի արձանագրությունների վարումը.
14) կազմակերպում է Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի անդամների մոտ քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
15) կազմակերպում է Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

27. Գլխավոր քարտուղարի տեղակալը՝
1) գլխավոր քարտուղարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում փոխարինում է նրան.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, այդ նպատակով հրավիրում է խորհրդակցություններ, աշխատանքային քննարկումներ.
3) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նշագրում է Հանձնաժողովի որոշումների, Հանձնաժողովի նախագահի հրամանների, ելից գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերը.
4) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Հանձնաժողովի անդամների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

28. Հանձնաժողովի նախագահի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով Հանձնաժողովի նախագահի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
2) պարբերաբար Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
6) կատարում է Հանձնաժողովի նախագահի կողմից տրված այլ հանձնարարականներ:

29. Հանձնաժողովի նախագահի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանձնաժողովի նախագահին.
2) համաձայնեցնելով Հանձնաժողովի նախագահի հետ` կազմակերպում է Հանձնաժողովի նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հանձնաժողովի նախագահին.
3) կազմակերպում է Հանձնաժողովի նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում¬ների աշխատողների հետ` Հանձնաժողովի նախագահի համար նախապատրաս¬տում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում է Հանձնաժողովի նախագահի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Հանձնաժողովի նախագահի հրամանով Հանձնաժողովի նախագահի օգնականներից մեկին կարող է վերապահվել մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը:

31. Հանձնաժողովի անդամի օգնականը՝
1) Հանձնաժողովի անդամի սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Հանձնաժողովի անդամին հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում լուծման վերաբերյալ.
2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանձնաժողովի անդամին.
3) համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամի հետ` կազմակերպում է Հանձնաժողովի անդամի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հանձնաժողովի անդամին.
4) կազմակերպում է Հանձնաժողովի անդամի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
5) Հանձնաժողովի անդամի հանձնարարությամբ՝ ինքնուրույն կամ համագործակցելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
6) կատարում է Հանձնաժողովի անդամի կողմից տրված այլ հանձնարարականներ.
7) Հանձնաժողովի անդամն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Հանձնաժողովի անդամի օգնականը անմիջական հաշվետու է Հանձնաժողովի անդամին:

                                     ΙV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

32. Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) իրավաբանական վարչությունը.
2) մրցակցության պաշտպանության վարչությունը.
3) ընդհանուր քաղաքականության և շուկաների վերլուծության վարչությունը.
4) անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչությունը.
5) միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

33. Հանձնաժողովի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) քարտուղարությունը.
2) վարչատնտեսական վարչությունը.
3) հաշվապահական հաշվառման բաժինը.
4) անձնակազմի կառավարման բաժինը.
5) ներքին աուդիտի բաժինը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ

34. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է Հանժնաժողովի նախագահին անմիջական հաշվետու անձանց, հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների և այլ անձանց միջոցով:

35. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի, նախանիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

36. Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա լիազորությամբ` Հանձնաժողովի անդամները և աշխատողները, Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հանձնաժողովը ներկայացնելիս, արտահայտում են Հանձնաժողովի դիրքորոշումը: Ոչ պաշտոնական կարծիք արտահայտելիս նշված անձինք պետք է նշեն, որ արտահայտում են իրենց անձնական կարծիքը:

37. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն չորսը:

38. Հանձնաժողովի նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:

39. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին: Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ: Հանձնաժողովի դռնփակ նիստին, բացի սույն կանոնադրության 45-րդ կետում նշված անձանցից, կարող են մասնակցել նաև Հանձնաժողովի աշխատողները և վարչական վարույթի մասնակիցները և (կամ) նրանց ներկայացուցիչները: Հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցող Հանձնաժողովի աշխատողների կազմը որոշում է նիստը վարողը: Հանձնաժողովի դռնփակ նիստում տեսանկարահանում և (կամ) ձայնագրում կատարելը, ինչպես նաև ռադիոյով, հեռուստատեսությամբ և (կամ) համացանցով հեռարձակում իրականացնելն արգելվում է: Եթե դռնփակ նիստը անհրաժեշտությունից ելնելով ձայնագրվել է, ապա վարչական վարույթի մասնակիցները դռնփակ նիստի ձայնագրությունը կարող են ստանալ համապատասխան դիմում ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում: Վարչական վարույթի մասնակիցներից և (կամ) նրանց ներկայացուցիչներից վերցվում է ստորագրություն՝ դռնփակ նիստի ընթացքում բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին: Վարչական վարույթի մասնակիցները և (կամ) նրանց ներկայացուցիչները նախազգուշացվում են բացահայտված գաղտնի տեղեկությունները հրապարակելու կամ օգտագործելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

40. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում: Նիստը սկսվում է նախօրոք նշանակված օրը և ժամին: Նիստի աշխատանքները նշանակված օրը չավարտելու դեպքում այն շարունակվում է նիստը վարողի կողմից սահմանված այլ ժամկետում:

41. Հանձնաժողովի նիստը հրավիրում, նախագահում (վարում) է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը:

42. Նիստի բնականոն ընթացքն ապահովում է նիստը վարողը: Նիստում հարցերի ու ելույթների հերթականությունը սահմանում է նիստը վարողը: Հարցերի սպառումից և ամփոփումից հետո հարցեր չեն տրվում:

43. Հանձնաժողովի նիստի` նախապես հաստատված օրակարգը հրապարակում է նիստը վարողը: Նիստը վարողը սահմանում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հերթականությունը, որից հետո հրապարակում է նիստի անցկացման ընթացակարգը:

44. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցերի նախնական քննարկման համար կարող է անցկացվել նախանիստ, որի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովի նախագահը:

45. Հանձնաժողովի դռնբաց նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի խորհրդականը և օգնականը` Նախագահի հրավերով:

46. Հանձնաժողովի նիստի կամ նիստում տվյալ հարցի քննարկման մասնակիցների ցանկը Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ սահմանում է գլխավոր քարտուղարը: Նշված անձանց նիստի մասին ծանուցումը (տեղեկացումը) ապահովում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

47. Հանձնաժողովի օրակարգում ընգրկված հարցերի վերաբերյալ ներկայացվում են որոշման նախագծեր, տեղեկանքներ (վարչական լսումների դեպքում) կամ կոնկրետ վարույթի կամ ուսումնասիրության կապակցությամբ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ փաստաթղթեր: Հանձնաժողովի որոշման նախագծերն ի թիվս օրենքով նախատեսված տեղեկատվության՝ պարունակում են հստակ վերլուծություն, կոնկրետ հանձնարարական(ներ) և (կամ) առաջարկություն(ներ), այդ թվում՝ պատասխանատվության միջոցների տեսակի և չափի վերաբերյալ:

48. Հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացվող հարցը պատրաստում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

49. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև տեղեկանք կամ դրա ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Օրենքով սահմանված գաղտնիք պարունակող փաստաթուղթը ներկայացվում է սահմանված կարգով:

50. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցի հիմնավորվածության, իրավաչափության, ներկայացված նյութերի ամբողջականության և ժամկետների պահպանման համար պատասխանատվությունը կրում է պատասխանատու ստորաբաժանումները:

51. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը պետք է համաձայնեցվի (նշագրվի) Հանձնաժողովի իրավաբանական վարչության, շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի խորհրդականի, օգնականի, գլխավոր քարտուղարի, ինչպես նաև տվյալ ոլորտի աշխատանքները և (կամ) առանձին գործառույթների իրականացումը համակարգող Հանձնաժողովի անդամի հետ: Համաձայնեցման ներկայացվող որոշման նախագծին կից միաժամանակ ներկայացվում են դրա ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, այլ նյութեր:

52. Հանձնաժողովի որոշման նախագծի (կից նյութերի) վերաբերյալ ծագած անհամաձայնության դեպքում սույն կանոնադրությամբ նախատեսված նշագրման իրավասություն ունեցող անձը որոշման նախագծում կամ առանձին տեղեկանքում պետք է նշում կատարի իր անհամաձայնության կամ վերապահումով համաձայնության հիմքերի (պատճառների) մասին:

53. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցը կարող է հանվել օրակարգից, ինչպես նաև օրակարգում կարող է ներառվել լրացուցիչ հարց Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Հանձնաժողովի օրակարգի հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում քվեարկությամբ:

54. Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցը զեկուցում է այն պատրաստող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ` այլ աշխատող: Հանձնաժողովի նախանիստում քննարկվող հարցը զեկուցում է այն պատրաստող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ վերջինիս հանձնարարությամբ այլ աշխատակից:
55. Զեկուցողին հարցերի, դրանց պատասխանների կամ ելույթների հերթականությունը և ժամանակը սահմանում է նիստը վարողը: Հանձնաժողովի նիստերի անցկացման հետ կապված այլ` օրենքով և սույն կանոնադրությամբ չնախատեսված հարցերը կարգավորվում են նիստը վարողի կողմից:

56. Հանձնաժողովի նախագահին նիստի օրակարգի վերաբերյալ գրավոր առաջարկություններ կարող են ներկայացվել նիստի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ:

57. Հանձնաժողովի նիստի օրակարգը, ինչպես նաև օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանձնաժողովի նախագահին, Հանձնաժողովի անդամներին, գլխավոր քարտուղարին, գլխավոր քարտուղարի տեղակալին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ինչպես նաև նիստի համապատասխան մասնակիցներին տրամադրվում են Հանձնաժողովի նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, բացառությամբ անհետաձգելի լուծում պահանջող դեպքերով հրավիրված նիստերի:

58. Նիստի օրակարգը (բացառությամբ արտահերթ քննարկվող հարցերի) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմում և հաստատման է ներկայացնում Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը: Հանձնաժողովի նիստերի անցկացման նախապատրաստումն ապահովում է Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը:

59. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը Հանձնաժողովի մեկ այլ անդամի չի թույլատրվում: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:

60. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:

61. Հանձնաժողովի բանավոր (արձանագրային) որոշումը կատարման է տրամադրվում Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքի տեսքով:

62. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերն, անհրաժեշտության դեպքում, կարող են ձայնագրվել: Նիստի արձանագրության վարման աշխատանքներն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը, համակարգումը` գլխավոր քարտուղարը: Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, օրակարգի, մասնակիցների, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունը ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:

63. Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը, Հանձնաժողովի նիստի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից ստորագրված նիստի արձանագրությունը ներկայացնում է նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրմանը: Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ներքին օգտագործման փաստաթղթեր են, պահվում են Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձի մոտ և սահմանված կարգով արխիվացվում:

64. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հանձնաժողովի նախագահին ստորագրման: Հանձնաժողովի այն որոշման նախագիծը, որն ընդունվել է, սակայն քննարկման ընթացքում դրա վերաբերյալ արվել են դիտողություններ և (կամ) առաջարկություններ, լրամշակվում է հարցը ներկայացնող պատասխանատու կատարողի կողմից: Լրամշակված որոշման նախագիծը նիստի ավարտից հետո ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում, նշագրվում է դիտողություն և (կամ) առաջարկություն ներկայացրած անձի (անձանց) կողմից և ներկայացվում Հանձնաժողովի նախագահին ստորագրման:

65. Հանձնաժողովի նիստում ներկայացված որոշման նախագծի չընդունման դեպքում այդ մասին նշվում է նիստի արձանագրության մեջ, և Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը այն, համապատասխան հանձնարարականով, վերադարձնում է համապատասխան Հանձնաժողովի անդամին կամ կառուցվածքային ստորաբաժանմանը:

66. Հանձնաժողովի նիստում ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը դրա ավարտից հետո ուղարկվում են Հանձնաժողովի քարտուղարություն` սահմանված կարգով մուտքագրելու համար:

67. Հանձնաժողովի որոշումը տպագրվում է սահմանված ձևաթղթի վրա, որի վրա դրվում է Հանձնաժողովի կնիքը:

68. Վարչական ակտի ընդունումից հետո դրա պատճենը հանձնվում է հասցեատիրոջը 5 օրվա ընթացքում, իսկ այլ ակտերը` ընդունումից հետո օրենքով սահմանված ժամկետներում: Նշված գործողությունների իրականացումն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Ընդունված որոշումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է (են) հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացրած` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ աշխատողը, իսկ վերահսկողությունը` Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:

69. Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձը, Հանձնաժողովի որոշումը (պատճենը) համապատասխան հասցեատիրոջն առաքելուց հետո, 2-օրյա ժամկետում այն տեղադրում է Հանձնաժողովի ներքին համակարգչային ցանցում: Հանձնաժողովի որոշումների բնօրինակները պահվում են Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձի մոտ և սահմանված կարգով արխիվացվում: Հանձնաժողովի որոշումները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող մասերի:

70. Հանձնաժողովում առկա փաստաթղթերն ու այլ նյութերը պահպանվում և օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

71. Հանձնաժողովի կնիքը պահվում է Հանձնաժողովի համապատասխան պաշտոնատար անձի մոտ` չհրկիզվող պահարանում, իսկ դրոշմակնիքը և դրոշմիկները պահվում են Հանձնաժողովի քարտուղարությունում: Դրանք օգտագործվում են սահմանված դեպքերում և կարգով:

72. Հանձնաժողովի նախագահի կողմից նշանակվող անձանց գործուղումներն իրականացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանով, իսկ գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող աշխատողների գործուղումները՝ գլխավոր քարտուղարի հրամանով:

73. Գործուղման մեկնած Հանձնաժողովի անդամները և աշխատողները, եթե այլ բան նախատեսված չէ նորմատիվ իրավական ակտերով, գործուղման ավարտից հետո` 10-օրյա ժամկետում ներկայացնում են գործուղման արդյունքների մասին հաշվետվություն, ինչպես նաև հանդես գալիս գործուղման ընթացքում ձեռքբերած տեղեկությունների, իսկ դրանց կիրառման հնարավորության առկայության դեպքում` նաև համապատասխան փորձի ներդրման մասին զեկուցմամբ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԸ

 

74. Հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Հանձնաժողովի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հանձնաժողովը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

75. Հանձնաժողովի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:



VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

76. Հանձնաժողովը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

77. Հանձնաժողովի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

78. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

 


ՆԱԽԱԳԱՀ                                                             Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 
 
 
22/10/2019
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.