Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված ՄՊՀ նախաձեռնությունները

Նոր կարգավորումներ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար, հակամենաշնորհային կոմպլաենսի ուղեցույցի ներդրում, չփաթեթավորված թռչնամսի մակնշման պահանջի սահմանում


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված ՄՊՀ մի քանի նախաձեռնությունների, մասնավորապես զեղչերի և այլ ակցիաների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենդրական փոփոխություններին:

Տիգրան Մարկոսյանը նշել է, որ Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում բազմիցս արձանագրել է անբարեխիղճ մրցակցության խնդրահարույց հարցեր ակցիաների իրականացման ոլորտում, ինչը եղել է նաև օրենսդրական բացերի հետևանք: Այս ամենի արդյունքում ՄՊՀ-ն հանդես է եկել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Ոլորտի նոր կարգավորումներն ընդունվել են և ուժի մեջ կմտնեն արդեն հուլիսի 31-ից: Տիգրան Մարկոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս բարեփոխումները թե՛ մասնագիտական հանրության, և թե՛ սպառողների կողմից միմիայն դրական արձագանքների են արժանացել:

Համաձայն նոր կարգավորումների՝

Զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի:
• Ապրանքի կամ ծառայության գինը պետք է զեղչվի նախորդ ամսվա միջին գնից:
• Ակցիա իրականացնողը պետք է ապահովի երկու գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար:
• Զեղչերի պայմանները պետք է հստակ ներկայացված լինեն սպառողների համար:

Նոր կարգավորումներ են նախատեսված նաև գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառմամբ ակցիաների պարագայում (օրինակ՝ նվերի տրամադրում, ապրանքների խմբավորում մեկ փաթեթի մեջ, որի ընդհանրական գինն ավելի ցածր է, քան առանձին ապրանքների գնման դեպքում և այլն): Մասնավորապես օրենսդիրը սահմանել է, որ

օրինակ՝ տնտեսավարողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ և այլն:
• Այլ բնույթի ակցիաների համար ևս սահմանվում է մինչև երեք ամիս ժամկետ: Բացի այդ, ակցիաները նույն ապրանքի համար չեն կարող կիրառվել ակցիայի ավարտից հետո 1 ամսվա ընթաքում:

Նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիա բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:

Եվս մեկ կարևոր նորամուծութուն՝ միջակայքով զեղչի դեպքում (օրինակ՝ մինչև 50 տոկոս, 20-70 տոկոս և այլն) առավելագույն շեմով զեղչը պետք է կիրառվի ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդի նկատմամբ:

Ասուլիսի ընթացքում Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է նաև ՄՊՀ ևս երկու կարևոր նախաձեռնությունների՝ հակամենաշնորհային կոմպլաենսի ուղեցույցի ներդրմանը, որը հնարավորություն կտա տնտեսավարողներին ինքնազսպման միջոցով դրսևորել պատշաճ մրցակցային վարքագիծ, ինչպես նաև պատասխանատվության միջոցի կիրառման պարագայում կդիտարկվի որպես մեղմացուցիչ հանգամանք և չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի կանոնակարգման նախաձեռնությանը, որով տնտեսավարողների համար թռչնամսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջ կսահմանվի: Վերջինս հնարավորություն կտա սպառողներին ընտրություն կատարելու նպատակով պատշաճ տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև կկանխարգելի անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքերը: