Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցնող տարվա գործունեության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2021 թվականին հանձնաժողովի գործունեության հիմնական արդյունքները:

Հարուցվել է 186 վարույթ, ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության ոլորտում

Համաձայն ամփոփված տվյալների՝ անցնող տարում հանձնաժողովը մրցակցության օրենսդրության խախտման հատկանիշներով ընդհանուր առմամբ 186 վարչական վարույթ է հարուցել, որից ամենաշատը՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման հատկանիշներով՝ 78 վարույթ: 2021 թվականին ՄՊՀ-ն նաև հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ 2, գերիշխող դիրքի չարաշահումներով՝ 15, համակենտրոնացման հայտարագրման՝ 26, չհայտարարագրված համակենտրոնացման՝ 11, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների՝ 4, պետական գնումների ոլորտում 13, տեղեկատվության չտրամադրման կամ ժամկետից ուշ տրամադրման մասով՝ 26, օրենքի խախտումները շտկելու հանձնարարականի չկատարման վերաբերյալ՝ 5 և վարչական բողոքների 6 գործ է քննել:

Համակենտրոնացումների 3 խոշոր գործարք. բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ 2021 թվականին համակենտրոնացման երեք խոշոր գործարքի թույլտվություն է տրամադրվել հանքարդյունաբերության, բենզինի և հեռահաղորդակցության շուկաներում: ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շուրջ 60 տոկոս փայաբաժինը: Մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի բենզինի շուկայում. «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները: Ընկերությունները վրացական կապիտալով են, հանդիսանում են «GULF» ապրանքային նշանի իրավատերը: «ՀԷՑ» ՓԲԸ-ն և մեկ ֆիզիկական անձ ձեռք են բերել «Ռոստելեկոմ» ընկերության բաժնետոմսերը:

ՄՊՀ-ն աչալուրջ է լինելու պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների ոլորտի նկատմամբ

ՄՊՀ նախագահը շեշտել է, որ աչալուրջ են լինելու պետական մարմիններում տեղի ունեցող հակամրցակցային գործողությունների և պետական գնումների ոլորտում մրցակցային խնդիրներին, ինչը դրական ազդակ է բիզնեսին և հանրությանը, որ ՄՊՀ–ն հանձնառու է իր ինքնավար մարմնի կարգավիճակով պայմանավորված գործառույթների իրականացմանը: Մասնավորապես այս տարի հանձնաժողովը համընդհանուր վերլուծությունների արդյունքում հնարավոր մրցակցային խնդիրներ է հայտնաբերել թղթի ձեռքբերման պետական գնումների փաստաթղթերում և դիմել է պետական մարմիններին, որպեսզի չսահմանվեն այնպիսի չափանիշներ, որոնք կնվազեցնեն մասնակիցների քանակը: Քննության ընթացքում են ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հարուցված և պետական լաբորատորիաների ոլորտի մրցակցային խնդիրներին առնչվող վարույթները:

Հակամրցակցային համաձայնություններ և գերիշխող դիրքի չարաշահում ձվի, օնլայն առևտրի և այլ ոլորտներում

Հակամրցակցային համաձայնությունների կնքման և գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշներով վարույթներ են քննվել օնլայն տիրույթում առևտրային գնումների ոլորտում և ձվի շուկայում: Ընթացքում են ՊՇՌ թեստավորումներ իրականացնող լաբորատորիաների նկատմամբ հարուցված վարույթները:

Անբարեխիղճ մրցակցություն. կաթնամթերքի շուկայում իրավիճակն էականորեն բարելավվել է

Անբարեխիղճ մրցակցության դաշտում այս տարի հանձնաժողովը երեք ուղղություն է թիրախավորել: Համալիր ուսումնասիրություն է կատարվել բիո, օրգանիկ, էկո և այլ համարժեք տերմինների մակնշմամբ ապրանքների վաճառքի մասով, որի արդյունքում 32 վարույթ է հարուցվել, 26-ի դեպքում պատասխանատվության միջոցներ են կիրառվել: 12 վարույթ է հարուցվել մսամթերքի շրջանառության ոլորտում, որից 10-ի դեպքում տնտեսավարողներն ընդունել են իրավախախտման փաստը, որոնց մինչև հունվար ժամանակ է տրվել խախտումները շտկելու համար: ՄՊՀ նախագահը փաստեց, որ կանթամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները չնչին են՝ ի տարբերություն 2019 թվականին կատարված ուսումնասիրությունների:
Այս տարի հանձնաժողովն ապրանքային շուկայի ուսումնասիրություններ է իրականացրել թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, դեղերի շրջանառության, առևտրային ցանցերի և ախտորոշիչ ծառայությունների ոլորտներում: Անդրադառնալով համակարգային բարեփոխումներին՝ ՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կողմից շուրջ 40 իրավական ակտեր են ընդունվել, ավարտին է մոտենում թվայնացման գործընթացը: