Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Տեղեկատվության ազատություն

ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:

Անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:

Տեղեկություն ստանալու համար անձը կարող է դիմել ՄՊՀ-ին գրավոր կամ բանավոր հարցումով:

Գրավոր հարցում

Գրավոր հարցումները կարող եք ուղարկել ինչպես թղթային տարբերակով փոստային առաքմամբ, այնպես էլ էլեկտրոնային կարգով՝ անմիջապես կայքի միջոցով,  ինչպես նաև press@competition.am, info@competition.am էլ. փոստի հասցեներով, www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: 

Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող է չքննարկվել:

Գրավոր հարցման մեջ դիմողը պարտադիր պետք է նշի

  • անունը, ազգանունը,
  • քաղաքացիությունը,
  • բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
  • գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:

Հարցումներն ուղարկելիս կարող եք օգտվել տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևից:

Բանավոր հարցում

 Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը։ Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝

1) պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.

2) անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.

3) անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում

Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա:

ՄՊՀ-ում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձ է նշանակված միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆի Սիմոնյանը (հեռ.` (+37460) 060830840 ներքին 280, էլ. փոստ՝ press@competition.am)

ՄՊՀ-ն տնօրինում է.

  • Հանձնաժողովին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն.
    Հանձնաժողովի կազմ, կառուցվածք, պաշտոնատար անձանց գործառույթներ, կանոնադրություն, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններ, պաշտոնատար անձանց ելույթներ, հայտարարություններ, հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կամ հանձնաժողովին առնչվող իրավական ակտեր, հանձնաժողովի  գործունեության ծրագիր, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններ, տարեկան պետական բյուջեով հատկացված ընդհանուր գումարը և հաշվետվությունը, ստացված դիմումների, հարցումների մասին ամփոփ տվյալներ, թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկություններ և այլն:
  • Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվություն. հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներ,  տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի՝ մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության, չհայտարարագրված համակենտրոնացումների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների, տեղեկատվության չտրամադրման կամ ժամկետից ուշ տրամադրման   առնչությամբ հարուցված վարչական վարույթներ և ընդունված որոշումներ, կիրառված պատասխանատվության միջոցներ, ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրություններ, դիտանցումներ, հսկիչ գնումներ և այլն:

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.


• Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում,
• եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:


Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.


• հետաձգման պատճառները,
• տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:


Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: «ՏԱ» օրենքը նշում է, որ այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաև տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը: Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը։

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության տրամադրման համար գանձվող վճարը ներառում է միայն այդ տեղեկության տրամադրման տեխնիկական ծախսերը (պատճենահանում, էլ. կրիչի գին եւ այլն):


Տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետեւյալ դեպքերում.


•բանավոր հարցումներին պատասխանելիս,
•մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս,
•տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս,
•«ՏԱ» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս (այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը),
•տեղեկության տրամադրումը մերժելիս:

Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

 

Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.

• պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
• խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,
• պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
• բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
• խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքներ ( «ՏԱ» օրենք, 8-րդ հոդված):

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաև, եթե.

• հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
• պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
• դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
• տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաեւ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:
Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.
• հարցումը մերժելու իրավական հիմքերը,
• հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),

Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:

Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե.

• վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետեւանքներին,
• ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
• չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

 

Յուրաքանչյուր պետական մարմին պարտադիր հրապարակում է՝

ա) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները,
բ) բյուջեն,
գ) գրավոր հարցումների ձևերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
դ) հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
ե) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը,
զ)շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
է) հասարակական միջոցառումերի ծրագրերը,
ը) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը,
թ) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
ժ) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը,
ի) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
լ) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
խ) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները: