Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Բազմակողմ համագործակցություն

Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը համագործակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մրցակցության հարցերով բլոկի հետևյալ դեպարտամենտների հետ՝
• Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ
• Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտ։
Հանձնաժողովն ընդգրկված է Մրցակցության հարցերով բլոկի Մրցակցության քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և պետական գնային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2001 թվականից հանդիսանում է Մրցակցության միջազգային ցանց կազմակերպության (ՄՄՑ) անդամ: Հանձնաժողովը մասնակցում է ՄՄՑ աշխատանքային խմբերի միջազգային տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։

Էներգետիկ համայնքը ստեղծվել է 2005թ․ հոկտեմբերին, որի հիմնական նպատակն է ընդլայնել ԵՄ ներքին էներգետիկ շուկայի կանոնների և սկզբունքների կիրառումը Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, Սևծովյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև տարածաշրջանում զարգացնել մրցակցությունը։
Հայաստանը ԵՄ Էներգետիկ համայնքում դիտորդի կարգավիճակ է ստացել 2011 թվականին:
2018 թվականի ապրիլի 20-ի համաձայնագրով Հանձնաժողովը միացել է ԵՄ Էներգետիկ համայնքի անդամ պետությունների մրցակցային մարմինների միջև մրցակցության ցանց ստեղծելու մասին համաձայնագրին: Էներգետիկ համայնքի անդամ երկրները գործում են մրցակցության վերաբերյալ ոչ գաղտնի տեղեկատվության փոխանակման, աշխատանքային խմբերի ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։

ՏՀԶԿ-ի հետ համագործակցության շրջանակում Հանձնաժողովը մասնակցում է ՏՀԶԿ կազմակերպած աշխատանքային քննարկումներին, սեմինարներին, ինչպես նաև ՏՀԶԿ Մրցակցության հարցերով համաշխարհային ամենամյա համաժողովին:
2005 թվականին հիմնադրվել է ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոն (Կենտրոն), որի նպատակն է Միջին, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում խթանել մրցակցության օրենքը և քաղաքականությունը՝ աշխատաժողովների, սեմինարների և ուսումնական ծրագրերի միջոցով։
Կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովի աշխատակիցները մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային ունակությունները կատարելագործելու նպատակով մասնակցում են մրցակցության հարցերով սեմինարների, աշխատաժողովների, ինչպես նաև Կենտրոնի շահառու մրցակցային մարմինների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպմանը:

Հանձնաժողովի և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի համագործակցության շրջանակներում կազմվել է «Հայաստանի օրինակով մրցակցային քաղաքականության փորձագիտական գնահատում» թեմայով փորձագիտական զեկույց:
Հանձնաժողովը մասնակցում է ՄԱԱԶՀ կազմակերպած մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի հերթական նիստերին, ինչպես նաև աշխատանքային քննարկումներին։
Հանձնաժողովը 2020 թվականին դարձել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի անդրսահմանային կարտելների աշխատանքային խմբի անդամ։