Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ուսումնասիրություններ

Ոլորտային ուսումնասիրությունը Հանձնաժողովին վերապահված գործիքակազմ է, որի միջոցով Հանձնաժողովը բացահայտում է որևէ ոլորտում կամ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի ընդհանուր նկարագիրը:

Ոլորտային ուսումնասիրության իրականացման նպատակը որևէ ոլորտում կամ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր սահմանափակման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի, ինչպես նաև մրցակցային իրավիճակի վրա ազդող այլ պայմանների բացահայտումն է։

Ոլորտը կամ ապրանքային շուկան ընտրելիս Հանձնաժողովը հաշվի է առնում՝

  • կենտրոնացվածության բարձր մակարդակը,
  • մրցակցության օրենսդրության խախտումների ռիսկայնությունը,
  • ապրանքների և դրանց հետ փոխկապակցված ապրանքների սոցիալական նշանակությունը,
  • այլ հանգամանքներ:

Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ընդունում է որոշում, որում սահմանվում է ուսումնասիրվող ոլորտը և ուսումնասիրության իրականացման ժամկետը։

Ոլորտային ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության՝

  • հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները,
  • որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները և ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը,
  • ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը,
  • պարզում է ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը,
  • ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ:


Ոլորտային ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են Հանձնաժողովի որոշմամբ:
Ոլորտային ուսումնասիրության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ոլորտում բացահայտված խնդիրների առնչությամբ վարույթների հարուցման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ ներկայացնելու համար։

Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման նպատակն է պարզել մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը, դրանց տնտեսական մրցակցության սահմանափակման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցեր:

Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողովին կարող են դիմել մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը։
Եզրակացություն ստանալու նպատակով Հանձնաժողովին կարող են դիմել՝

  • պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք,
  • տնտեսավարող սուբյեկտները,
  • նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք։

Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու կամ Հանձնաժողովի կողմից նախաձեռնություն դրսևորվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման ընթացակարգ սկսելու մասին։
Եզրակացությունն ընդունվում է այդ մասին ընթացակարգ սկսելու մասին Հանձնաժողովի որոշումը կայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 60-րդ հոդված):

Հանձնաժողովի եզրակացությունները կրում են պարտադիր բնույթ և դրանց չհետևելը կարող է հիմք հանդիսանալ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար: Բացառություն են կազմում նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ընդունված եզրակացությունները, որոնց բնույթը խորհրդատվական է։

Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով Հանձնաժողով է ներկայացվում գործողության, գործարքի կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի)՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմում։

Դիմումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով։

Դիմումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնել Հանձնաժողով:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 59-րդ հոդվածը):

 

Դիմումի ձևանմուշ ֆիզիկական անձանց համար

Դիմումի ձևանմուշ իրավաբանական անձանց համար