Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մենաշնորհ կամ գերիշխող դիրք

Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե`

  • որպես իրացնող կամ ձեռք բերող, չունի մրցակից,
  • տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն,
  • որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գերազանցում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված շուկայական մասնաբաժինները։

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետեր):

Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունենալը օրենքով չի արգելվում, այլ արգելվում է այդ դիրքի չարաշահումը։

Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում.

  • իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված կամ խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը,
  • այլ տնտեսավարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումն այլ հավասար պայմաններում,
  • այլ տնտեսավարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը,
  • չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը և (կամ) կիրառումը,
  • ի վնաս սպառողի շահերի՝ ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ դադարեցումը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձևով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծումը կամ պահպանումը,
  • պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ՝ առևտրի օբյեկտներին, իրենց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես և (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը,
  • Օրենքով նախատեսված այլ դեպքեր:

Գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահելու դեպքում Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտների ապախոշորացման մասին որոշում ընդունել:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդված, 2-րդ մաս):

Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը միաժամանակ՝

  • բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից,
  • բարձր է այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում:
  • Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներ):

  • Հանձնաժողովի կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի վերաբերյալ հարուցված վարույթների իրականացման ժամկետը 6 ամիս է:
  • Այն դեպքում, երբ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատասխանող կողմն ընդունում է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացնում է իրավախախտման հետևանքները, վերջինս կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով, որը Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում է ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում: Հանձնաժողովի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում վարույթի ամփոփման որոշումը կայացվում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում:

Գերիշխող/մենաշնորհ դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է գերիշխող դիրքը չարաշահած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 10 տոկոսը:

Արագացված վարույթ կիրառելու դեպքում գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվում է տուգանք ապրանքային շուկայում գերիշխող դիրքը չարաշահած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 88-րդ հոդված, 93-րդ հոդված 3-րդ և 13-րդ մասեր, 100-րդ հոդված):

  • Ո՞վ կարող է ներկայացնել.

Գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահման մասին գրավոր հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

  • Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը.

Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:

  • Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը.

Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

 

Հաղորդման ձևանմուշ (ֆիզիկական անձանց համար)

Հաղորդման ձևանմուշ (իրավաբանական անձանց համար)