Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Համակենտրոնացում

Համակենտրոնացում է.

  • տնտեսավարող սուբյեկտների միացումը,
  • տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը,
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի 20 տոկոս կամ ավելի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը,
  • մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը,
  • մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից իրավաբանական անձի հիմնադրումը,
  • տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա։

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասեր, 14-րդ հոդված)

Համակենտրոնացումների նկատմամբ Հանձնաժողովի վերահսկողությունն անհրաժեշտ է համակենտրոնացման հետևանքով մրցակցային իրավիճակը գնահատելու, ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության սահմանափակման հնարավորություն բացահայտելու կամ կանխատեսելու կամ գերիշխող դիրքի հանգեցման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման հարցը պարզելու նպատակներով:

Համակենտրոնացման տեսակներն են՝

  • հորիզոնական համակենտրոնացումը, որը տեղի է ունենում միևնույն ապրանքային շուկայում,
  • ուղղահայաց համակենտրոնացումը, որը տեղի է ունենում որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում,
  • խառը համակենտրոնացումը, որը տեղի է ունենում տարբեր ապրանքային շուկաներում:

Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման, եթե՝

  • համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ
  • մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ
  • համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
    Անձանց խմբի դեպքում ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հաշվարկման հիմքում դրվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսավարող սուբյեկտների ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հանրագումարը, ովքեր ներգրավված են ձեռնարկատիրական գործունեության մեջ:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածը  և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 322-Ն որոշումը

Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը հայտարարագրելու համար Հանձնաժողով են դիմում համակենտրոնացման մասնակիցները:
Համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման մինչև գործողության մեջ դնելը: Համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում համապատասխան գործողության, վերակազմակերպման կատարման կամ գործարքի կնքման պահը: Այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է պետական գրանցման կամ պետական հաշվառման պահանջ` համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում պետական գրանցման կամ պետական հաշվառման պահը:

Համակենտրոնացման գնահատման վարույթի իրականացման ժամկետը երեք ամիս է, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև երեք ամիս ժամկետով։
Խառը համակենտրոնացումները կամ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացուները Հանձնաժողովի կողմից գնահատվում են պարզեցված ընթացակարգով, որի ժամկետը մեկ ամիս է:

Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման արդյունքում ընդունում է՝

  • համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշում,
  • համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշում,
  • համակենտրոնացումն արգելելու մասին որոշում:
    Հանձնաժողովն արգելում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը, եթե՝
  • Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման հետևանքով կանխվելու, սահմանափակվելու, արգելվելու կամ այլ կերպ վատթարանալու է տնտեսական մրցակցությունը համապատասխան ապրանքային շուկայում, կամ
  • Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացումը հանգեցնելու է գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը, բացառությամբ այն դեպքի, երբ տնտեսավարող սուբյեկտը հիմնավորում է, որ տվյալ համակենտրոնացման հետևանքով ապրանքային շուկայում կապահովվեն բարենպաստ մրցակցային պայմաններ, և չեն վնասվի սպառողների շահերը, կամ
  • Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համակենտրոնացման հետևանքով վնասվելու են սպառողների շահերը, կամ
  • համակենտրոնացման մասնակիցը չի ներկայացնում համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունն այլ աղբյուրներից ստանալն անհնար է, կամ
  • համակենտրոնացման մասնակիցը ներկայացրել է համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող կեղծ տեղեկատվություն, ինչը բացասաբար է անդրադարձել Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վրա:
    Համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը գործում է մեկ տարի ժամկետով, եթե առավել կարճ ժամկետ սահմանված չէ Հանձնաժողովի որոշմամբ։

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 70-րդ, 72-րդ և 73-րդ հոդվածները):

  • Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ:
  • Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:
    Արագացված վարույթի կիրառման դեպքում՝
  • համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև 2,5 միլիոն դրամ:
  • Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսը:

Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 88-րդ, 93-րդ և 100-րդ հոդվածները):

Համակենտրոնացումը հայտարարագրելու համար համակենտրոնացման մասնակիցները մինչև այն գործողության մեջ դնելը Հանձնաժողով են ներկայացնում դիմում և հայտարարագիր:
Դիմումը և հայտարարագիրը ներկայացվում են Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Դիմումը և հայտարարագիրը կարող են ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումի և հայտարարագրի ձևանմուշները, ստորագրել դիմումը և հայտարարագրի բոլոր էջերը, կցել անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնել Հանձնաժողով:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 68-րդ հոդվածը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 322-Ն որոշումը

Համակենտրոնացման հայտարարագրման դիմումի ձև

 

Համակենտրոնացման հայտարարագրի ձև

 

Համակենտրոնացման հայտարարագրին կից տեղեկանք (արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների վերաբերյալ)

 

Համակենտրոնացման հայտարարագրին կից տեղեկանք (մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների վերաբերյալ)

  • Ո՞վ կարող է ներկայացնել

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք:

  • Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը

Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դեպքում իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:

  • Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը

Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

Հաղորդման ձևանմուշ (ֆիզիկական անձանց համար)

Հաղորդման ձևանմուշ (իրավաբանական անձանց համար)

Անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, և որոնց նկատմամբ բավարարվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պայմաններից առնվազն մեկը:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդված)

Անձանց խումբ հանդես եկող տնտեսավարող սուբյեկտները իրենց տնտեսական գործունեությունն իրականացնում են առաջնորդվելով ընդհանուր տնտեսական շահով, ինչը մրցակցության օրենսդրության տեսանկյունից թույլ է տալիս վերջիններիս դիտարկել որպես ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ:

Անձանց խումբ հանդես եկող տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունները հնարավորություն են տալիս բացահայտել ապրանքային շուկայում վերջիններիս իրական մասնաբաժինների, ունեցած ազդեցության և այլ հանգամանքների մասին:

Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելով տնտեսավարող սուբյեկտները իրազեկում են այն մասին, որ տնտեսական գործունեություն իրականացնելիս հանդես են գալիս որպես անձանց խումբ։

Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրվելու դեպքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված վերակազմակերպումները, գործողություններն ու գործարքները համակենտրոնացում չեն համարվի և ենթակա չեն լինի հայտարարագրման։

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետեր և 13-րդ հոդվածի 1-ին մաս):

Դիմումը Հանձնաժողով է ներկայացնում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակում ներառված տնտեսավարող սուբյեկտներից առնվազն մեկը:

Դիմումը ներկայացվում է համապատասխան վերակազմակերպումները, գործողություններն ու գործարքները կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ։

Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներից մեկը իրենց միջև տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում են Հանձնաժողովին:

Անձանց խմբի ներսում փոփոխություն տեղի ունենալու դեպքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտներից առնվազն մեկը վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահից առնվազն մեկ ամիս առաջ փոփոխությունը Հանձնաժողովին է ներկայացնում նույն կարգով և ժամկետներում, որով ներկայացվում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները։

Անձանց խմբում ընդգրկված, վերակազմակերպման, գործողության կամ գործարքի հետ առնչություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կազմը, վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահին պետք է փոփոխության ենթարկված չլինի այն ցուցակի համեմատ, որը առնվազն մեկ ամիս առաջ ներկայացվել է Հանձնաժողով:

Հանձնաժողովը դիմումը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

  • անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու մասին,
  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին:

Վերոնշյալ որոշումներից որևէ մեկը կայացվելու դեպքում Հանձնաժողովը այդ մասին դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմողին:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի թիվ 161-Ն որոշում):

Անձանց խմբում ընդգրված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով են ներկայացվում Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Անձանց խմբում ընդգրված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները կարող են ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումի ձևանմուշները, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնել Հանձնաժողով:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի թիվ 161-Ն որոշումը)։

 

Դիմումի ձևանմուշ