Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հակամրցակցային համաձայնություններ

Հակամրցակցային համաձայնություններ են համարվում կնքված գործարքները, համաձայնությունները, համաձայնեցված գործողությունները, վարքագիծը, ընդունած որոշումները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս)

Հակամրցակցային համաձայնություններին են վերաբերում ապրանքային շուկան բաշխելը, մատակարարման աղբյուրները բաշխելը, այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելը սահմանափակելը, այլ տնտեսվարող սուբյեկտների շուկայից ելքը սահմանափակելը, գների չհիմնավորված բարձրացումը, գների չհիմնավորված իջեցումը, օրենքով նախատեսված այլ դեպքեր:

Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասեր)

Հակամրցակցային համաձայնությունները․

  • կնքվում են միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն),
  • կնքվում են միևնույն ապրանքային շուկայում ձեռքբերող և իրացնող, մրցակից չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն),
  • կնքվում են որոշակի փոխկապակցվածություն ունեցող կամ տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև այլ համաձայնություններ (այլ համաձայնություն):

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս)

  • Հանձնաժողովի կողմից հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ հարուցված վարույթների իրականացման ժամկետը 6 ամիս է:
  • Այն դեպքում, երբ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատասխանող կողմն ընդունում է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացնում է իրավախախտման հետևանքները, վերջինս կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով, որը Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում է ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում: Հանձնաժողովի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում վարույթի ամփոփման որոշումը կայացվում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում:
  • Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսավարող սուբյեկտը իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողով և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույցներ, որոնք, ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք են տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և (կամ) ստուգում կատարելու համար:
  • Տնտեսավարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ եղած կամ իրեն հայտնի հետևյալ՝ Օրենքով սահմանված ապացույցները:
  • Պատասխանատվության միջոցից ազատման համար սահմանված պայմաններին չաբավարարելու դեպքում հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին, որի համար տնտեսավարող սուբյեկտը պետք է իրավախախտումն ապացուցելու համար էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացնի Հանձնաժողով:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 96-րդ հոդված, 97-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր)

Հակամրցակցային համաձայնություն կնքելու համար նշանակվում է տուգանք հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 10 տոկոսի չափով:

Արագացված վարույթ կիրառելու դեպքում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար նշանակվում է տուգանք հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:

(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 88-րդ հոդված, 93-րդ հոդված 1-ին և 13-րդ մասեր, 100-րդ հոդվածի 1-ին մաս)

  • Ո՞վ կարող է ներկայացնել.

Հակամրցակցային համաձայնության մասին գրավոր հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

  • Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը.

Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:

  • Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը.

Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով

Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝

որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով:

 

Հաղորդման ձևանմուշ (ֆիզիկական անձանց համար)

Հաղորդման ձևանմուշ (իրավաբանական անձանց համար)