Տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե՝
- համապատասխան ոլորտում իր էական ազդեցության շնորհիվ կարող է ապահովել համապատասխան ապրանքների մուտքն իրացման շուկա, և այլ տնտեսավարող սուբյեկտները առանց տվյալ տնտեսավարող սուբյեկտի հետ համագործակցության հնարավորություն չունեն գործելու տվյալ ոլորտում, կամ
- տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գործում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), կամ
- տվյալ տնտեսավարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր երեք միլիարդ դրամը:
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդված):
Բանակցային ուժեղ դիրք ունենալը օրենքով չի արգելվում, այլ արգելվում է այդ դիրքի չարաշահումը։
Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում.
- տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հիմնավորված չէ տնտեսական պայմաններով կամ գործոններով և վնասում է կամ կարող է վնասել բանակցություններում թույլ դիրք ունեցող կողմի շահերը:
- ապրանքներ ձեռք բերելուց անհիմն հրաժարվելը, խտրական պայմանների սահմանումը կամ կիրառումը, ձեռնարկատիրական հարաբերությունների անհիմն դադարեցումը, պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքեր:
(Մանրամասն տեղեկատվության հանար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդված):
- Հանձնաժողովի կողմից բանակցային ուժեղ դիրքի վերաբերյալ հարուցված վարույթների իրականացման ժամկետը 6 ամիս է:
- Այն դեպքում, երբ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատասխանող կողմն ընդունում է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացնում է իրավախախտման հետևանքները, վերջինս կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով, որը Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում է ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում: Հանձնաժողովի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում վարույթի ամփոփման որոշումը կայացվում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում:
Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է բանակցային ուժեղ դիրքը չարաշահած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 10 տոկոսը:
Արագացված վարույթ կիրառելու դեպքում բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար նշանակվում է տուգանք ապրանքային շուկայում բանակցային ուժեղ դիրքը չարաշահած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 5 տոկոսի չափով:
Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:
(Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 88-րդ հոդված, 93-րդ հոդված 4-րդ և 13-րդ մասեր, 100-րդ հոդված):
- Ո՞վ կարող է ներկայացնել.
Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման մասին գրավոր հաղորդում կարող են ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
- Ի՞նչ ժամկետներում է իրականացվում հաղորդման քննարկումը.
Հաղորդումը Հանձնաժողովում քննարկվում է մեկամսյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումներ:
- Ի՞նչ եղանակով կարող է ներկայացվել հաղորդումը.
Հաղորդումը ներկայացվում է Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հաղորդումը կարող է ներկայացվել նաև՝
- Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով (info@competition.am),
- «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» միջոցով,
- թղթային եղանակով,
որոնց դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հաղորդման ձևանմուշը, ստորագրել այն, կցել անհրաժեշտ նյութերը և ներկայացնել Հանձնաժողով: